Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրեն երգիչը կարեւորում է քոլեջի անվանակոչությունը, բայց փակագծեր չի բացում

Հունվար 30,2019 12:30

Հարցազրույց Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ

– Տարին հոբելյանական է ձեր ղեկավարած քոլեջի համար. լրանում է 90-ամյակը: Դուք 2007-ից քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենն էիք, արդեն լրացել է տնօրենի ձեր պաշտոնավարման մեկ տարին: «Առավոտի» հետ զրույցում (6.04.2018) ներկայացրել էիք ձեր ծավալուն ծրագիրը: Ի՞նչ եք հասցրել անել:

– Նշեմ ընդամենը երկուսը՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել, ընթացիկ ուսումնական տարվա սկզբից ավելացրել ենք մասնագիտություններ, այդ թվում՝ լուսանկարչական արվեստի, էստրադային դերասանի, դիմահարդարման եւ այլն: Ստեղծել ենք բարձրակարգ տեխնիկայով զինված ձայնագրման ստուդիա, որտեղ իրենց առաջին քայլերը կանեն վոկալիստները: Վերջիններս շուտով կթողարկեն նաեւ իրենց առաջին տեսահոլովակները՝ համագործակցելով քոլեջի ուսանող ռեժիսորների, օպերատորների, հագուստի դիզայներների, դերասանների հետ: Ի դեպ, առաջին տեսահոլովակի համար ընտրել ենք մեր վոկալի դասախոս Արմեն Գեւորգյանի «Մենք ենք ապագան» երգը: Այս ուսումնական տարում կարողացել ենք 22 տոկոսով բարձրացնել դասախոսների աշխատավարձը՝ սեփական խնայողությունների հաշվին: Կրթության եւ գիտության նախարարության ֆինանսավորմամբ վերջապես քոլեջի համար հոբելյանական տարում կլուծվի կապիտալ վերանորոգման հարցը:

Տնօրենը՝ տեր եր տիկին Ազնավուրների հետ:

– Քոլեջի նախկին տնօրեն Նադեժդա Սարգսյանի ղեկավարման տարիներին (2003-2017) հաճախ էինք լսում ձեր սաների՝ հիմնականում երգիչների, միջազգային մրցույթներում ունեցած հաջողությունների մասին…

– Արտասահմանում քոլեջի ունեցած բարձր վարկանիշը այսօր էլ կա: Գիտակցում ենք, որ կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային կրթական համակարգին ինտեգրումը գուցե նոր մարտահրավերների առաջ մեզ կկանգնեցնեն, բայց դրանք պետք է ամեն կերպ հաղթահարել, քանի որ հենց այդ հաղթահարմամբ է պայմանավորված քոլեջի ապագան: Անցյալ տարի ոչ միայն մեր երգիչները հաջողություններ ունեցան միջազգային մրցույթներում, այլեւ առաջին անգամ ուսանողական ֆիլմերը գլխավոր մրցանակների արժանացան Իտալիայում: Դա արդյունք էր Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության: Նշեմ նաեւ, որ քոլեջի բասկետբոլի թիմը երկրորդ մրցանակ շահեց Երեւան քաղաքի եւ Հայաստանի առաջնություններում: Փաստորեն, «ներխուժել» ենք նաեւ սպորտի ոլորտ (ժպտում է-Ս.Դ.): Շուտով կսկսվեն մշակույթի տարբեր ոլորտների արտասահմանցի մասնագետների այցեր քոլեջ, արդեն պայմանավորվածություններ կան Ղազախստանի, Իտալիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Չեխիայի, Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որոնց վարպետության դասերը միանշանակ արդյունավետ կլինեն ուսանողների համար:

– Ըստ մեր տեղեկությունների՝ անցյալ տարի քոլեջ է այցելել նաեւ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան: Դա գործնակա՞ն այցելություն էր, թե…

– Դա ընդամենը բարեկամական հանդիպում էր. Նիկոլան շրջեց քոլեջում, լսեց մեր ուսանողներին, հիացավ նրանց ներկայացրած արվեստով: Թույլ տվեք այս պահին «փակագծեր» չբացել, բայց մեր միջեւ ընթացավ զրույց ապագա ծրագրերի շուրջ:

Ստեֆան Օլսոնի ընկերակցությամբ:

– Տնօրեն ընտրվելուց հետո մեզ հայտնեցիք, որ քոլեջի համար հոբելյանական 2019թ. տարում այն կանվանակոչվի…

– Քոլեջը կանվանակոչվի լեգենդար արվեստագետի ու մեծ հայի անունով, թե ում, շուտով կբարձրաձայնենք: Ներկայումս աշխատանքներ են տարվում կրթության եւ գիտության նախարարության ու կառավարության հետ:

– Հետաքրքիր է՝ Վրեժ Կիրակոսյանը մի կո՞ղմ է դրել երգչի իր կարիերան: Եթե չենք սխալվում՝ երեք տարվա պայմանագիր ունեիք բրիտանական Sony Music ձայնագրման ստուդիայի հետ:

– Երեք տարին արդեն լրացել է, ինձ համար մեծ պատիվ էր այդ ստուդիայի շնորհիվ ձայնագրել եւ տեսահոլովակի տեսքով թողարկել Ռոսինիի հանրահայտ «Տարանտելան»: Ձայնագրությունն իրականացվեց Մեծ թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ՝ ճանաչված դիրիժոր Պյոտր Ֆերենցի ղեկավարությամբ: Արդեն համագործակցում եմ նոր պրոդյուսերիս՝ Հարութ Քելլեյանի հետ, որը քոլեջի հանրային կապերի գծով պատասխանատուն է: Նրա աշխատանքի շնորհիվ է, որ հասցրել եմ մեկ-երկու ձայնագրություններ կատարել եւ հենց նրա աշխատանքի շնորհիվ Ամանորի շեմին հրավիրվեցի Ուկրաինա եւ 50 երկրից ժամանած երգիչների հետ մասնակցեցի The Nations Future (Ազգի ապագան) միջազգային փառատոնին: Հանդես եկա Ազնավուրի մեկ եւ Մարինա Ալեսի «Պատրանքի թեւով» երգով: Հրավիրված էին նաեւ շոու-բիզնեսի աստղեր Ռուսաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից եւ այլն, միայն մեկ խոսուն անուն հնչեցնեմ՝ Ստեֆան Օլսոն…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

30.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել