Մեղադրանքը հաստատվելու դեպքում անվանի մարզչին սպառնում է ցմահ ազատազրկում
Ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել ենք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչված մարզիկ, կիոկուշին կարատեի մարզիչ, մասնագիտությամբ իրավաբան, երկրորդ բարձրագույն կրթությամբ լեզվաբանական համալսարանն ավարտած Սամվել Այվազյանին դատապարտել էր 1 տարի ժամկետով ազատազրկման, իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետով սահմանն ապօրինի հատելու փորձի համար:
Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, բեկանել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, եւ մեղադրողի միջնորդությունը բավարարել՝ նրան դատապարտել 2 տարով ազատազրկման: Ըստ էության, համաներմամբ Սամվելն ազատ էր արձակվել, սակայն «Կոշ» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ նրան դարձյալ ձերբակալել էին: Նրան առաջադրել էին մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Սամվել Այվազյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա «Եվգենի Կաչակի եւ գործով չպարզված մի խումբ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ապօրինաբար կյանքից զրկել Վանաձոր քաղաքի բնակչին, որի համար Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ է հրավիրել ընկերոջը՝ Եվգենի Կաչակին: Վերջինս երկար տարիներ ծառայել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես դիպուկահար, ինչի մասին քաջատեղյակ է եղել Սամվել Այվազյանը, քանի որ նախկինում միասին աշխատել են Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմա-Աթա քաղաքի «Եվրոպոլիս» ընկերությունում՝ որպես թիկնապահ»: Վանաձոր քաղաքի բնակիչը գործով տուժող ճանաչված քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանն է` Շալոն:
Նախաքննությունն իրականացնող մարմինը մի դեպքում պահում է անձի անմեղության կանխավարկածը տուժողներից մեկի նկատմամբ, մեկ այլ դեպքում էլ առաջ է քաշել մի վարկած, թե ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատայինը ենթադրյալ կատարող էր լինելու, այսինքն՝ ոստիկանության պաշտոնաթող ցանկացած աշխատակից, ով աշխատել է ուժային կառույցում, նա անվերապահորեն վարձու մարդասպան է:
Ի դեպ, Ե.Կաչակի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով Ս. Այվազյանը հարցաքննվել է որպես վկա՝ չունենալով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Ըստ նրա պաշտպանի` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հովհաննիսյանի, Ս. Այվազյանին տրվել են մեղադրող հարցեր, իսկ իր պաշտպանյալը զրկված է եղել պաշտպանության արդյունավետ միջոցներից: Վկայի կարգավիճակում հարցաքննելուց առաջ, խուզարկել են նրա բնակարանը, վերցրել նրա անձնագիրը: «Տասներկու հոգի բնակարանն էին խուզարկում, մի այդքանն էլ ներքեւում էին»,-ասում է Ս. Այվազյանի թոշակառու մայրը: Նա ասում է՝ ուսումնասիրել է 350 էջ, դատական պրակտիկայից, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ որդուն նախապես հետապնդել են, եւ անգամ, երբ Բագրատաշենում սահմանը հատելու համար նրան բռնել են, քրեական գործի նախաքննությունը ոչ թե ԱԱԾ-ն է իրականացրել, այլ նույն այն քննիչները, ովքեր զբաղվում են արդեն Ե.Կաչակի, Շալոյի գործով:
Ըստ կալանավորվածի մոր, դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում նշված հոդվածով, այն էլ մի քանի դրվագով մեղադրվող անձանց տուգանք է սահմանվում, որպես պատիժ, ոչ թե ազատազրկման ձեւով պատիժ:
Սամվել Այվազյանի պաշտպանությունը ստանձնած Գուրգեն Հովհաննիսյանն «Առավոտի» հարցին, թե ինչ փուլում է քրեական գործի նախաքննությունը, հայտնում է. «Հստակ է, որ քննություն է կատարվում Սամվել Այվազյանին մեղադրելու ուղղությամբ, սակայն որեւէ գործողություն, քննություն չի իրականացվում նրա անմեղությունը ճշտելու մասով, քանի որ հարուցված երկու քրեական գործերի հետ վերջինս որեւէ առնչություն չունի, ավելին՝ Սամվել Այվազյանը ինքն է ցանկանում, որպեսզի պարզվի իր ընկերոջ՝ Ե. Կաչակի մահվան հանգամանքները»: Սրտի կաթվա՞ծ, բռնությո՞ւն, որն է ի վերջո, Ե.Կաչակի մահվան պատճառը: Ո՞րն է սպանության գործիքը, հայտնաբերվե՞լ է արդյոք:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ, Սամվել Այվազյանին կալանավորելու եւ կալանքի ժամկետը երկարացնելով՝ դատարաններն իրենց որոշումներով տրամագծորեն հակասում են եւ խախտում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին: Դատարանը, փաստորեն, առաջնորդվել է որոշակի հանցագործության մեջ մեղադրվող անձին անազատության մեջ պահելու կանխավարկածով, այնինչ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը տրամագծորեն հակառական է՝ կանխավարկածը պետք է լինի անձին ազատ արձակելը, իսկ հիմնավորման է ենթակա նրան ազատազրկելու անհրաժեշտությունը.
«Փաստորեն, դատարանները հաշվի չեն առել պաշտպանական կողմի այն բոլոր անհերքելի փաստերը, որոնք միանշանակ վկայում են, որ ոչ միայն առկա չի եւ չի եղել որեւէ հիմք Ս. Այվազյանին կալանավորելու համար, նաեւ այն չի շարունակվում առկա լինել ու դրանով հանդերձ խախտվում է պաշտպանյալիս անմեղ լինելու հանգամանքը, ուստի ինչ խափանման միջոց ընտրելու մասին կարող է խոսք գնալ, երբ նույնիսկ նախաքննության մարմնի կողմից ներկայացված ենթադրյալ փաստական տվյալները վերաբերելի չեն, որպեսզի Ս. Այվազյանին մեղսագրվող արարքը որեւէ կերպ, նույնիսկ չնչին հիմնավորվի, ինչպես նաեւ առկա չէ նախաքննության կողմից դրսեւորված անհրաժեշտ ջանասիրության փաստի առկայությունը, քանի որ վերջինս, ըստ էության, երկու ամիսների ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարել՝ պաշտպանյալիս մեղավորությունը կամ անմեղությունը ապացուցելու ուղղությամբ, ավելին՝ կան վկաներ, որոնց ցուցմունքները չի տրամադրվում պաշտպանական կողմին եւ դրանք կամ վրաբերելի չեն տվյալ գործի հետ, կամ այդ վկաների ցուցմունքները հաստատում են Ս. Այվազյանի անմեղությունը, ինչպես նաեւ դատարան չի ներկայացվել, այդքանով հանդերձ՝ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը»:
Ի դեպ, գործով կա մեկ ցուցմունք` վարձով բնակարանի տիրոջ ցուցմունքը, որի բնակարանը վարձակալել էր Սամվելը, եւ որն էլ տանը զենք, զինամթերք է ունեցել: Հենց նա էլ, ըստ վարկածներից մեկի, հայտնաբերել է իր բնակարանում Կաչակի դիակը, ապա զանգել Սամվելին: Նրանք Կաչակի վրա որեւէ բռնության հետք չեն տեսել, եւ քանի որ վախեցել են հայտնել ոստիկանությանը, դիակից էլ հոտ էր գալիս, Սամվելն իր մեքենայով դիակը տեղափոխել է Կաչակի հայրական գերեզման, Շահումյան-2 գերեզմանատուն:
Նախաքննության փուլում ցուցմունք է տվել Կաչակի ընկերուհին, եւ ցուցմունքը վերցվել է, ոչ թե Հայաստանում, այլ Ղազախստանում, ինչի կապակցությամբ պաշտպանական կողմը դժգոհ է, քանի որ զրկված են եղել հակընդդեմ հարցաքննելու իրավունքից:
«Այդ ցուցմունքով խախտվում է Սամվել Այվազյանի՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի՝ 1. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: (…) 2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան: 3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ նվազագույն իրավունքները դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, եւ իրավունքներ ունենալու իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միեւնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները»,-ասում է պաշտպանը:
Պաշտպանական կողմը մտադիր է դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Սամվել Այվազյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցում դատարանը ուղղակի եղել է վավերացնող մարմին, որն էլ հաստատում է, որ դատարանի կողմից չի ուսումնասիրվել, թե ներկայացրած նյութերը, թե ապացույցները, ինչպես նաեւ մեղադրանքի բովանդակությանը:
Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարեւորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով եւ օրենքներով, այնպես էլ ՄԻԵԴ–ի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով: Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միեւնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Վարկածների համաձայն, Ե.Կոչակը եղել է «Մարտի 1-ի գործով» դիպուկահարը: Նրա՝ Հայաստան գալու մասին իրազեկ էին մշտապես լինում իր գործընկեր ոստիկանության աշխատակիցները: Հետեւաբար, անգամ Վանաձորում նա չէր կարող օպերների տեսադաշտում չգտնվել:
«Առավոտ» օրաթերթ,
30.01.2019