Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Մարտի 1-ը պետք է դարձնի իր պատվի գործը՝ «իր դատը», մեղմ ասած, վտանգավոր է. «Հրապարակ»

Հունվար 30,2019 11:43

Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո ՀԱԿ-ն ի վերջո երկխոսեց ՀՀ իշխանությունների հետ, որոնց լեգիտիմ չէր համարում։ Մենք սա էլ ենք տեսել, տեսել ենք նաեւ այդ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ի՝ խորհրդարան մտնելը եւ տարիներ շարունակ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդի դերն իրեն վերապահելը։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ երկխոսած Լեւոն Տեր-Պետրոսյանը «չկարողացավ» վերջակետ դնել Մարտի 1-ի գործին, այլ շարունակեց փայփայել եւ այն իր համար կռվան դարձրեց 2018-ին՝ փոխանցելով ՀՀ նոր իշխանություններին, որպես մի շարքային խաղաքարտ, որ բացի էյֆորիայի լրացուցիչ չափաբաժնից, ոչինչ չէր տալու «հեղափոխությանը»։

Հայտնի խոսք կա՝ ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկնում մեջը։ Չեմ կարծում, որ այս հրապարակումով կարող է որեւէ ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետագա ընթացքի վրա, բայց, ահա, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Մարտի 1-ը պետք է դարձնի իր պատվի գործը՝ «իր դատը», մեղմ ասած, վտանգավոր է, որովհետեւ դա արդեն ոչ թե ես, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում, որի «խորհուրդներին» Նիկոլ Փաշինյանը, իսկ նրանով պայմանավորված՝ նաեւ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, դատախազությունը եւ դատարանները, ականջալուր են արդեն 10 ամիս։

Մենք առանձնապես ծանոթ չենք Նիկոլ Փաշինյանի մտքի ճկունության աստիճանին եւ չենք կարող միանշանակ պնդել, որ նա կկարողանա գլուխ հանել այս իրավիճակից։ Սակայն վստահ ենք, որ նա կտապալի ամեն ինչ, եթե շարունակի նույն համառությամբ սեւեռվել Մարտի 1-ի գործի բացահայտման վրա։ Դա կարող է առավել խորացնել հասարակական անկայունությունը եւ այն հասցնել քաղաքական շրջանակներ, որոնք մինչ այժմ չեն միջամտել գործին, որովհետեւ ապավինել են նոր իշխանության արդարադատությանը։ Քոչարյանը, հայտարարելով, որ ինքը քաղբանտարկյալ է, արդեն իսկ ազդակ է ուղարկել ողջ քաղաքական դաշտին, որն ամենեւին էլ չի սահմանափակվում օրվա խորհրդարանական ուժերով։ Ուստի, պետք է լուծում գտնել, որ կբավարարի ոչ միայն հասարակությանը, այլեւ քաղաքական հանրությանը, որի մի զգալի հատված գլխավոր քաղաքական գործընթացներից դուրս է մնացել զանազան, այդ թվում նաեւ բազմաթիվ ցավոտ հարցերի անհարկի շահարկումների պատճառով։

Կարո՞ղ է Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցում օգնել Նիկոլ Փաշինյանին։  Ցանկության դեպքում՝ այո։ Օրինակ, գնալ եւ նստել Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Նա ուրիշ քայլի հնարավորություն չի թողել իրեն։ Մինչեւ նա չընդունի մեղքի իր բաժինը, հայաստանյան եւ ոչ մի իրավասու մարմին չի կարող արդարացի որոշում կայացնել Մարտի 1-ի գործով:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031