Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Եկատերինբուրգի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել պատվո արարողություն՝ նվիրված 30-ամյա Գևորգ Ավետիսյանին, որը հրդեհված տնից փրկել էր երեք երեխաների:
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, երբ Գևորգը կնոջ հետ անցնում էր այրվող տան կողքով: Նա նկատել էր, որ տան պատուհանից ինչ-որ մեկը օգնություն է կանչում և անմիջապես նետվել էր օգնության:
Նա աղյուսով կոտրել էր տան պատուհանը և դուրս հանել 12 տարեկան երկու աղջիկներին և 10 տարեկան տղային: Դրանից հետո կարողացել էր այրվող տան մոտից հեռացնել նաև կայանած ավտոմեքենան: Այդ ընթացքում նրա կինը զանգահարել էր հրշեջ ծառայություն:
«Այլ կերպ վարվել ես չէի կարող,- ասել է հինգ աղջիկների հայր Գևորգ Ավետիսյանը:- Երբ երեխաներին դուրս էի բերում այրվող տնից, ես ոչ մի բանի մասին չէի մտածում. ես ունեի մեկ նպատակ՝ փրկել երեխաներին, և կարողացա դա անել, ինչի համար շատ ուրախ եմ»:
Խիզախության համար Գևորգ Ավետիսյանին շնորհակալական նամակ են հանձնել և նվիրել կրակմարիչ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ