Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղհասարակության «ճանապարհային քարտեզը» ներկայացնելուց հետո անցել է մոտ 1 ամիս, ի՞նչ է արել իշխանությունն այս ուղղությամբ. «Հրապարակ»

Հունվար 30,2019 11:23

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն իշխանություններին առաջարկեցին Հայաստանի վերականգնման բարեփոխումների «ճանապարհային քարտեզ», որն ընդգրկում է անցումային արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերով տուժածների իրավունքների խախտման ճանաչում եւ վերականգնում, ԱԱԾ-ի, ոստիկանության նկատմամբ հսկողություն եւ այլն։ Հայաստանի քիչ թե շատ հեղինակավոր իրավապաշտպաններից ու քաղհասարակության ներկայացուցիչներից մեկ տասնյակ մարդ ստորագրել էր նախագծի տակ, այդ թվում՝ Ավետիք Իշխանյան, Արթուր Սաքունց, Դանիել Իոաննիսյան։

Քարտեզն ուղարկվել էր նորընտիր Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, ավելի քան 10 պատգամավորների, ՀՀ վարչապետին եւ փոխվարչապետին, այն ժամանակ՝ Արարատ Միրզոյանին։

Առաջարկը ներկայացնելուց հետո անցել է մոտ 1 ամիս, ի՞նչ է արել իշխանությունն այս ուղղությամբ։ Քարտեզի հեղինակներից Արթուր Սաքունցն ասաց, որ կոնկրետ  1 ամսվա ընթացքում որեւիցե մեկի հետ  չեն հանդիպել, պաշտոնական որեւէ տեղեկատվություն չեն ստացել, բայց ոչ պաշտոնական տեղեկատվություն՝  այո, որ՝ «քննարկում ենք», ստացել են։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունը քաղհասարակության առաջարկները չընդունի։

– Պետք է ունենալ փաստ՝ նման բան ասելու համար։

Երկրորդ. չեն կարող չընդունել, որովհետեւ դրանք այն խնդիրներն են, որոնք ակնհայտ են, ցցուն, իսկ թե ինչ ծավալով կընդունվի, այս պահին չեմ կարող ասել։ Օրինակ՝ նույն Ազգային անվտանգության ծառայության, իրավապահ մարմինների՝ ոստիկանության, Քննչական ծառայության նկատմամբ վերահսկողության ինստիտուտ ենք առաջարկել։ Ւ՞նչ ծավալով կընդունվի, չգիտեմ, բայց այն, որ տեսնում ենք, որ բարձրացված հարցերի, առաջարկների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները տալիս են թեկուզ տարբեր մեկնաբանություններ, բայց որ քննարկման առարկա են դարձրել, դա փաստ է։ Իսկ երբ վերջնական կդառնա, իմ կարծիքով՝ կառավարության ծրագրից կերեւա։

Առհասարակ, ոչ միայն կառավարության ծրագրի, որ մասը՝ ծրագրի, որ մասը՝ տարբեր ռազմավարություններով, որովհետեւ հիմա դատաիրավական բարեփոխումների ծրագիրն է մշակվում, քրեակատարողական համակարգի, հակակոռուպցիոն, մյուս ռազմավարությունները, այսինքն՝ կան տարբեր ծրագրեր։

– Կա՞ն ինչ-որ առաջարկներ, որ շատ սկզբունքային են։

– Մեր «ճանապարհային քարտեզում» ներկայացված բոլոր հարցերը

համակարգային խնդիրներ են, որոնք տարիների ընթացքում լուծումներ չեն

ստացել, եւ գտնում ենք, որ պետք է լուծվեն, քանի որ այն խնդիրներն են, որոնց չլուծված մնալը հանգեցրեց թավշյա հեղափոխության։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031