Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ֆինանսների նախարարության եւ այլ կառույցների բարձր պարգեւավճարների մասին՝ Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշեց. «Ուզում եմ ուղղակի համեմատություն տալ. 2018 թ. թատրոնի սուբսիդիան կրճատվեց 8 մլն դրամով, 8 միլիոն դրամը դա 70 հոգու մեկ ամսվա աշխատավարձ է թատրոնում, կամ 2 նոր բեմադրություն է, կամ 8 բարձրակարգ լուսարձակ, կամ 16 բարձրակարգ բարձրախոս, կամ 3 միջազգային փառատոնի մասնակցություն, կամ ՀՀ մարզերում կազմակերպված 5 հյուրախաղ: Ես ուզում եմ իմանալ այդ 8 միլիոնը քանի՞ հոգու պարգեւատրում է ֆինանսների նախարարության… Այս տնտեսման արդյունքում է արված պարգեւատրում մեկ այլ տեղում»:
Նա հիշեցրեց, որ մշակույթին հատկացվող միջոցները կրճատվել էին, ինչի արդյունքում իրենց թատրոնին հատկացվող գումարը պակասել է 7%-ով, ինչը համարժեք է 8 մլն դրամի:
Պարոն Բաբայանը հավելում է. «Պատկերացրեք, որ աշխատող թատրոնը, որ սպասարկում է 60000 հանդիսատեսի տարեկան խաղում է 500 ավելի ներկայացում, նոր բեմադրություններ, փառատոներ, հյուրախաղեր, այս աշխատող մարմինը կտրում են գումարից եւ այդ տնտեսման հաշվին պարգեւատրում»:
Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 21 տարվա գեղարվեստական ղեկավարը նշում է, որ ինքը երբեւէ 13-րդ աշխատավարձ չի տվել, բայց տարվա ընթացքում աշխատողներին խրախուսել է, սակայն 21 տարվա ընթացքում ինքն իրեն չի պարգեւատրել: «Ու հիմա ես տեսնում եմ պարգեւատրումների բարձր թվերը, ու իմ թատրոնի աշխատակիցներն ինձ հարցնում են՝ պարոն Բաբայան, այս ինչ է կատարվում, մենք այստեղ 110000-ով աշխատում ենք, մեզանից գումար են կտրում տանում, բայց ուրիշ տեղ նման պարգեւատրումներ են անում»,-տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը:
Պարոն Բաբայանը հավելում է, որ, իհարկե, ամեն ինչ էլ կարելի է հիմնավորել, թե օրենքի սահմաններում է, սակայն, նրա խոսքերով. « արդյոք չկա՞ն ինչ-որ կարմիր գծեր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ