Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ:
Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:
Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եվ այսպես շարունակ:
Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:
Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետ
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2245445812442468?__xts__[0]=68.ARDyZfGNinu7qRtD0dSvZIIGfjIGL-E_x6dlIWTnhFKrCDxlVhwjNk2BtwK5TmsJ8xV3UsgcNN0svS0ZPSUzCwa-siyBt9jQSf1WU2HjN3wDhaEBRa7yPI4Yd_4EHIj5L7uxH6B4rQn8_s9eFCvJaAabwsx8swjT1GRvl1HRFrO4woXu7tdqXHX3wV2RqcZ5Px5GsvKkNrjtTz1Jic2uoVXSbU7mUxoG8FAajlEEpXeIQyfyztRTSu1g39QJnPcXU9vvJuWEgI9XMweK3jTQgSnfZTuK5pk-fNXs5EQO3PONZOQ4ytJsI1lM8ewARIvFh6sxStLYufW6quA1uKV8xVruAYUPzyAczJZ7ziiZIAvMnsht8v8sbKY&__tn__=-R