Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ իր հիմնարկում պարգեւատրումների մասին

Հունվար 29,2019 22:47

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն է արել.

Վերջին օրերին ինձ շատ են հարցնում, և ասեմ, որ այո′, Կադաստրի համակարգում անցած տարում նույնպես եղել են պարգևատրումներ ու լինելու են, քանի որ պետական կառավարման համակարգում մենք պետք է ունենանք ազնիվ ու բարձր վարձատրվող աշխատակիցներ, հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կոռումպացված պետական համակարգի փակ ցիկլի շրջանի մեջ։

Դեռ աշնանը նոր կարգ ենք մշակել, և այս տարի պարգևատրումը լինելու է ոչ թե համահարթված ձևով, այլ ըստ աշխատանքի որակի։ Իսկ 2018 թ. օգոստոսից, ինչ ստանձնել եմ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, համակարգի բոլո′ր աշխատակիցներն են ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում ստացել (եթե ա′յդ ամիս չեն ընդունվել աշխատանքի, եթե չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել)։ Ռիսկային աշխատանք կատարողները, օրինակ՝ ռեգիստրները, այդ ընթացքում ավելի բարձր պարգևատրում են ստացել։ Ավելի բարձր են պարգևատրվել նաև նրանք, ում աշխատավարձն անտրամաբանականորեն ցածր է՝ հավաքարարներ, վարորդներ և այլն։ Իսկ տարեվերջին ողջ համակարգը 25%-ի փոխարեն ստացել է 100%-ի խրախուսում, նաև անհատապես խրախուսել եմ մեր ձեռնարկած բարեփոխումների հիմնական պատասխանատուներին։

Արդյունքում՝ կոռումպացվածի համարում ունեցած համակարգի բոլոր աշխատակիցների ամսական ֆինանսական եկամուտը մոտ 50 տոկոսով աճել է (մեր տվյալներով, կոռուպցիոն հոսքերը զրոյացվել են)։

Եվ մի կարևոր բան էլ՝ եթե նախկինում Կոմիտեն, որն ինքնաֆինանսավորվող մարմին է, գրեթե ամբողջովին ծախսում էր իր գեներացրած եկամուտները, ապա 2018-ի մենք պետական բյուջե ենք վերադարձրել շուրջ 538 մլն դրամ, ինչն ավելին է, քան 2012-ից ի վեր բոլոր տարիներին պետական բյուջե վերադարձված գումարները միասին։

Անձամբ ես տարվա ընթացքում խրախուսումներից միշտ հրաժարվել եմ։ Միայն տարեվերջին չեմ հրաժարվել՝ չհրաժարվող գործընկերներիս վատ դրության մեջ չդնելու համար (ֆինանսական պարգևատրումս կազմել է 640’000 դրամ, մի քիչ ավելի պակաս իմ տեղակալների՝ դեկտեմբեր ամսին ստացած գումարից)։

Չեմ գրում նախկին պարգևատրումների մասին, նույնիսկ մոտավոր հաշվարկներով չեմ գրում համակարգում եղած «սև» շրջանառության ու առավել ևս մինչ իմ նշանակումը իմ եկամուտների մասին։ Ինքս ինձ պարգևատրելու որոշման մասին երկար եմ մտածել և կրում եմ դրա թե′ բարոյական, թե′ իրավական պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, տեսնելով հասարակության լայն շերտերի վերաբերմունքը, միգուցե սխալվել եմ, որից և կանեմ իմ հետևություններն ապագայում։

Հ.Գ.-Արդեն որոշել էի գրել, երբ այս թեմայով այսօր կոնկրետ հարցադրումներ ստացանք նաև «Հետքի» լրագրողից, որին օրենքով սահմանված ժամկետում կպատասխանենք։

https://www.facebook.com/sarhat/posts/10161615838490106

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031