Երեւանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի եւ կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Այսօր լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց այս ծրագրից՝ «Լավագույնը ծրագիրն ըստ առցանց քվեարկության հավանության կարժանանա եւ հետեւաբար կֆինանսավորվի»: Մարությանը վստահեցրեց՝ ֆեյքերով կեղծ քվեարկությունը բացառելու են, քանի որ ծրագիրն այնպես է գրվելու, որ նման քվեարկություն հնարավոր չլինի. «Ամեն մի քվեարկողն իր անձնագրային տվյալները կտա, եւ այլն: Կեղծ քվեարկություն չի լինելու»:
Մարությանը նաեւ վստահեցրեց՝ 20%-ով բարձրացնում են մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը. «Երեւի կկարողանանք մարտից կամ ապրիլից դա իրականացնել: Դուրս են մնալու առայժմ տնօրեններն ու փոխտնօրենները, առայժմ»: Քաղաքապետն ասաց, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը հիմա միջինը 70-80 հազար դրամ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ