Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանները սպառնում են կառավարության մոտ բողոքի ցույց անել եւ գործադուլ հայտարարել

Հունվար 29,2019 21:38

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր փաստաբանների պալատում քննարկում էր կազմակերպվել Հարկային նոր օրենսդրության հետ կապված, որը շրջանառության մեջ է դրել ֆիննախը: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու:

Փաստաբան Արամ Օրբելյանի գնահատմամբ՝ եթե սա դառնա օրենք, անհատ ձեռնարկատեր փաստաբանների վրա հարկային բեռն ավելանալու է բավականին շեշտակի՝ նույնիսկ 6-7 անգամ: Իսկ դա բերելու է ծառայությունների գնի նույնքան ավելացմանը. «Կորպորատիվ, հարուստ վստահորդների համար որեւէ խնդիր չի առաջացնում գների ավելացումը, գնի բարձրացում առաջանում է  քրեական իրավունքում, ամուսնաընտանեկան ոլորտում, ժառանգության գույքի հետ կապված վեճերում, որտեղ հիմնականում դիմորդները ֆիզիկական անձինք են: Կառավարությունն աշխատում է այն տրամաբանությամբ, որ արտոնությունները պետք է վերացնեն, շրջհարկը, ըստ նրանց, արտոնություն է, ու քիչ-քիչ պետք է բերեն գերմանական մոդելի, որտեղ բոլորը ԱԱՀ վճարողներ են, ուրիշ բան չկա»:

Արամ Օրբելյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկում են ունեցել այս թեմայով, ու առաջարկեց դիմել ՍԴ ու ԱԱՀ-ն հակասահմանադրական ճանաչել, քանի որ այն բերում է մարդու իրավունքների սահմանափակման:

Փաստաբան Լուսինե Մկրտչյանն առաջարկեց, որ ֆիննախի ներկայացուցիչներին հրավիրեն Փաստաբանների պալատի վարչական շենք՝ իրենց դժգոհությունները լսելու, իսկ թե ինչու հենց այդ վարչական շենք՝ նրա բացատրելով՝ պարսից Շապուհ Երկրորդի պես կփորձեն «իրենց հողի» վրա հարցերը լուծել: Դա յուրորօրինակ ձեւ է՝ նրանց ճնշելու, ըստ փաստաբանի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ կատակեց՝ բա որ իրենց հողը հետները բերեն:

Փաստաբաններն ի վերջո որոշեցին հստակ քայլերի դիմել՝ նախագծի ճանապարհը փակելու համար: Արա Զոհրաբյանի խոսքով՝ «Եթե նախագիծը հասավ կառավարություն, եթե այդքան համառ կգտնվեն մեր հակառակորդները, ապա այդ օրը կառավարության մոտ բողոքի ակցիա ենք անցկացնելու: Փորձը ցույց է տալիս, որ դա ավելի արդյունավետ միջոց է, քան նամակներ գրելը: Կառավարության կողմից այդ նախագիծը հաստատվելու դեպքում բողոքի ակցիա ենք անելու 3 օր՝ հրաժարվելով ծառայություններ մատուցել: Եթե ԱԺ հասավ՝ 7 օր բողոքի ակցիա: Երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո անժամկետ բողոքի ակցիա»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ հուսով է՝ չեն հասնի վերջին կետին:

Որոշեցին նաեւ դիմել օմբուդսմենին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031