Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու: Օրենսդրական այս փոփոխությունների նախագծի հետ կապված այսօր Փաստաբանների պալատում քննարկում էր կազմակերպվել: Փաստաբաններն ահազանգում են, որ սրա արդյունքում իրենք լուրջ տուժելու են:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ «Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի ապահովել յուրաքանչյուրի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Իրավաբանական օգնությունը փաստաբանների միջոցով է, ու փաստաբաններին այլ տնտեսվարողների հետ նույնացնելը չի կարող արդար համարվել: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով պետք է հիմնավորումներ լինեն, թե ինչու է որոշվել այդպես անել: Շրջանառության հարկը արտոնություն չէ, ԱԱՀ-ին ու շահութահարկին փոխարինող պարզեցված հարկ է: Շրջանառության հարկի կիրառման դեպքում վարչական մարմինների հետ շփումները նվազագույնի է հասցված: Սա փաստաբանների համար հարմարավետ հարկային ռեժիմ է»:
Արա Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունները փաստաբանական գործունեությունը որոշել են համեմատել աուդիտորական ծառայության հետ, բայց թե ինչու՝ անհասկանալի է. «Մոտավորապես հիմնավորումը սա է, որ փաստաբանները խելոք են, կկարողանան ավելի բարդ հարկային ռեժիմով աշխատել: Բայց շատ խելոք փաստաբանը կարող է վճարունակ չլինել: Չկա անհրաժեշտ պաշտոնական հիմնավորումը: Սա միանշանակ կազդի ծառայությունների գների վրա: Փաստաբաններից մեկն ասաց՝ կա՛մ թաքցնելու են շրջանառությունը, կա՛մ թանկանալու են ծառայությունները: Տուժելու է քաղաքացին»:
Ըստ Արա Զոհրաբյանի, փաստաբանի անկախության վրա է ազդելու սա: Փաստաբանների համար ռիսկային է. «Մենք նոր իրավիճակում ունենք դեպքեր, երբ հարկային մարմինը փաստաբաններին անհանգստացրել է, նամակներ է ուղղել հայտնի քրգործերով զբաղվող փաստաբաններին, ու սա նույնպես մեզ մտահոգում է, ցանկացած ժամանակ իրենց համար ոչ հաճելի փաստաբանին այս գործիքով կարող են նեղացնել, ու սրա համար է, որ վտանգ ենք տեսնում»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, մինչեւ մտնի ԱԺ, ընդունվի որպես օրենք: Ըստ պատգամավորի՝ ընդհանուր համաձայնության կգան: Փաստաբաններից մեկը հետաքրքրվեց՝ «Իմ քայլը» խմբակցությունը տեղյա՞կ է այս նախագծից, թե՞ նախկին ՀՀԿ-ակաների կողմից թաքուն պատրաստված նախագիծ է սա, անգամ հնչեց տեսակետ, որ դիվերսիա է: Պատգամավորն էլ ասաց, որ այն դեռ կառավարություն չի մտել:
Փաստաբան Նիկոլայ Հակոբյանի խոսքով՝ ժամանակին պարզեցված հարկ գոյություն ուներ, ու խորհրդատվական ծառայությունները դրա տակ էին ընկնում: Հետո ընդունվեց «Շրջանառության հարկի» մասին օրենքը: Հիմա կառավարությունը համարում է, որ իրավաբանական ծառայությունների ոլորտը այնքան կայացած է, որ կարելի է կիրառել այս հարկը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը դժգոհեց, որ նախընտրական շրջանում մենակ ասում էին, որ միկրոբիզնեսն ազատված է լինելու հարկերից, ու խոսք չկար, որ դա ծանրանալու է փաստաբանների վրա: Նա ասաց՝ բա հեղափոխություն ինչի՞ եղավ, որովհետեւ նախկին իշխանությունները խաբում էին. «Մեզ չպետք է խաբեն: Հիմա խաբում են ֆիննախի այն մարդիկ, որոնք թավշյա հեղափոխության արժեքները չեն կիսում»: Նա ասաց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքացու գրպանին են հարվածում, որովհետեւ ծառայությունների գինը բարձրանալու է, բայց մյուս կողմից էլ, մարդիկ, որոնք ի վիճակի չեն լինի, չեն էլ դիմի փաստաբանի:
Էռնեստ Աբելյանի համար էլ անհասկանալի է, թե ինչու են նման խտրական մոտեցում ցուցաբերում փաստաբանների նկատմամբ. «Թիրախը ոչ միայն փաստաբանական համայնքն է, այլեւ՝ մեր սահմանադրությունը: Մենք մեր պետականութունն ենք ռիսկի տակ դնում»:
Ըստ փաստաբանների՝ սա ապտակ է արդարադատությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ