Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է Մարտի 1-ի գործով քննության վերսկսումը

Հունվար 29,2019 18:48

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. սեպտեմբերին Հայաստան իրականացրած այցի վրա հիմնված զեկույցը: Այն կենտրոնացած է հիմնականում մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խավերի իրավունքների և մարդու իրավունքների՝  նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում կանայք շարունակում են ցածր ներկայացվածություն ունենալ որոշումների կայացման գործում, ուստի հանձնակատարը կոչ է արել իշխանություններին ապահովել հանրային կյանքում կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցություն, ինչպես նաև առաջնորդության հավասար հնարավորություններ հանրային կյանքի բոլոր մակարդակներում, հավասար աշխատավարձ և հավասար հասանելիություն աշխատանքային շուկայում: Շարունակվող գենդերային խտրականությանը դիմակայելու համար հանձնակատար Միյատովիչը խորհուրդ է տվել բարձրացնել հանրային իրազեկվածությունը և խթանել գենեդրային հավասարությունը, հատկապես կրթության միջոցով:

Ընտանեկան բռնության ոլորտում Հայաստանի օրենսդրության մեջ շոշափելի բարելավումներ իրականացնելու նպատակով հանձնակատարը խորհուրդ է տվել վավերացնել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, միաժամանակ ապահովելով, որ նոր ազգային օրենսդրությունը գործնականում արդյունավետ կերպով կիրառվի: Մասնավորապես, նա կոչ է արել իշխանություններին ավելացնել ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանների թիվը և ապահովել կրթության հասանելիություն այդ կացարաններում ապրող երեխաների համար:

Զեկույցի հեղինակը ողջունել է իշխանությունների պատրաստակամությունը սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց ապաինստիտուցիոանալացման ուղղությամբ, միաժամանակ խորհուրդ տալով, որ այդ անձանց հնարավորություն տրվի մասնակցություն ունենալ իրենց վերաբերող հարցերում որոշումների ընդունման գործընթացին:

Հանձնակատարը ողջունել է կառավարության մտադրությունը մինչև 2025թ-ը հասնել լիարժեք ներառական կրթության և խորհուրդ է տվել ապահովել ներառական կրթություն նախադպրոցական մակարդակում և ապաինստիտուտուցիոանալացում՝ հավասարապես բոլոր երեխաների, այդ թվում սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար: Նա նաև խորհուրդ է տվել Հայաստանին ամրապնդել այս ոլորտում միջազգային չափորոշիչների նկատմամբ իր ստանձնած հանձնառությունը՝ ընդունելով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի լրացուցիչ դրույթները և վավերացնելով անհատական և կոլեկտիվ բողոքների հնարավորություն ընձեռող գործիքները։ Հանձնակատարը ողջունել է հաշմանդամների իրավունքների ճանաչված ակտիվիստի նշանակումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում և քաջալերել կառավարությանը հետագայում էլ քայլեր ձեռարկել սահմանափակ հնարավորություններ ունեցողների իրավունքների ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Հանձնակատար Միյատովիչը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ակտիվացնել ջանքերը երեխաների աղքատության դեմ պայքարելու ուղղությամբ և երաշխավորել բոլոր երեխաների համար համապատասխան կենսամակարդակ: Նա առաջարկել է իշխանություններին ավելացնել ջանքերը՝ միջոցներ հատկացնելու սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցող ծնողներին՝ երեխաների խնամքը հոգալու համար: Հանձնակատարը նաև խորհուրդ է տվել բարելավել օրենսդրությունը երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու ուղղությամբ:

Տարեցների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար հանձնակատարը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս ավելացնել ծերության կեսնաթոշակի ընդհանուր մակարդակը, ավելացնել առաջնային և մասնագիտական բժշկական օգնության հասանելությունիւ և լուծել հերիատրիկ ծառայություններում մասնագիտացած բուժաշխատողների պակասի խնդիրը:

Հանձնակատարը նաև առաջարկում է, որպեսզի իշխանություններն անհապաղ ընդունեն համապարփակ օրենք խտրականության դեմ, որը պետք է հստակ հղում պարունակի սեռական կողմնորոշման և գենեդրային ինքնության վերաբերյալ: Նա կոչ է արել իշխանություններին անհապաղ և վճռական միջոցներ ձեռնարկել բռնության բոլոր ձևերի, ատելություն սերմանելու և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ: Նման միջադեպերը պետք է խիստ դատապարտվեն և քննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն: Նա նաև խորհուրդ է տվել պատգամավորներին անվերապահորեն մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կարող է սահմանափակել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքները կամ սադրել նրանց դեմ ուղղված տրամադրություններ:

Ի վերջո, հանձնակատար Միյատովիչը ողջունել է 2008թ. մարտի իրադարձությունների ժամանակ զոհվածների մեղավորներին պարզելու և նրանց դատարանի առջև կանգնեցնելու ուղղությամբ գործադրված քայլերը: Միաժամանակ, նա կարևորել է, որ այդ գործընթացն իրականացվի մանրակրկիտ կերպով՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն, արդար դատավարության թափանցիկություն այնպես, որ ցրվեն քաղաքականության մեջ վրեժխնդրության կամ ընտրողական արդարադատության մասին ցանկացած մեղադրանք: Նա նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հրապարակային հայտարարություններում խուսափել բևեռացնող, խարանող կամ հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031