«Ոչինչ չի բացառվում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով հարցին, թե փետրվարին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովում ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպելո՞ւ է Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Էլմար Մամեդյարովի հետ: «Ավանդաբար, մենք հայտարարում ենք այդ մասին: Իհարկե, մենք շարժվում ենք առաջ, իսկ ժամկետները փորձում ենք համատեղել եւ համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը:
«Ես մեկնելու եմ Մյունխեն: Հասկանում եմ, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովը եւս նախատեսում է այնտեղ լինել»,-նկատեց նա: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսվո՞ւմ է: «Չեմ կարող հաստատել՝ մեր վարչապետը կլինի՞ Մյունխենում, թե ոչ»,-պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ