Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծերացող ու Չեխիայի և Լեհաստանի՝ օր օրի երիտասարդացող մարզային քաղաքները (Ֆոտոշարք)

Հունվար 29,2019 17:51

Հունվարի 12-19-ը «Կրթության և երիտասարդության ոլորտներում միջսեկտորային համագործակցություն» թեմայով ուսումնական այցի շրջանակներում, որին մասնակցում էր Հայաստանի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանի գլխավորությամբ, առիթ ունեցանք լինելու Չեխիայի Կարվինայի շրջանի Կարվիանա, Թեշին ու դրանց սահմանակից Լեհաստանի Ռիբնիկ, Յաշտժեբի Զդռոյ (Jastrzębie Zdrój) քաղաքներում։ Նշենք, որ ուսումնական այցին պետական պատվիրակություններ կային նաև Վրաստանից ու Լեհաստանից։

Չեխիայի ու Լեհաստանի Հանրապետությունների քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ փոքր բնակչություն ունեցող այս քաղաքներից ևս կա արտագաղթելու, մեծ ու ավելի գրավիչ քաղաքներ տեղափոխվելու վտանգ․ ճիշտ այնպիսին, ինչպիսին հայկական իրականությունում է։

Սակայն, ի տարբերություն մեր երկրի, Չեխիայի ու Լեհաստանի կառավարությունները քաղաքային իշխանությունների միջոցով ջանքեր չեն խնայում երիտասարդներին իրենց իսկ քաղաքներում պահելու, դրանք երիտասարդական քաղաքներ դարձնելու։ Նրանց հաջողվել է անգամ հնարավորինս ցածր մակարդակի հասցնել գործազրկությունը։ Երիտասարդների զբաղվածության հարցը համարելով առաջնային՝ բավական մեծ գումար են հատկացնում երիտասարդական հարցերով զբաղվող կառույցներին։

Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի փոխնախարարի տեղեկացմամբ՝ երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպություններին տարեկան տրամադրում են 7 միլիոն եվրո։ Ըստ չեխ պաշտոնյայի՝ իրենց ներդրած համակարգը միգուցե փոքր ինչ «թանկարժեք է», բայց կարողանում են կես միլիոնից ավելի երիտասարդի զբաղվածության հարց լուծել։

«Երիտասարդական քաղաքականությունն իրականացնելու համար հատուկ դրամաշնորհներ ենք տրամադրում ռեգիոնալ կազմակերպությունների համար, որը շատ մեծ աջակցություն է մարզային երիտասարդությանը՝ մնալու, գործելու և զարգացնելու մարզերը։ Յուրաքանչյուր շրջան ստանում է դրամական աջակցություն ընդհանուր բյուջեի 30 տոկոսի չափով: Շրջանն ինքն է սահմանում իր կարիքը և երիտասարդական քաղաքականությունն ու ռազմավարությունը բխեցվում է ազգային քաղաքականությունից և ռազմավարությունից, և ըստ այդմ էլ կազմվում է բյուջեն»,-տեղեկացրեց փոխնախարարը։

Այս երկիրն ունի հստակ երիտասարդական պետական քաղաքականություն, ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատված է 2014-2020 թվակաների համար, ու այս փաստաթուղթը կարգավորում է երիտասարդական ոլորտի հարցերը, միջսեկտորային բոլոր տեսակի համագործակցությունները։

Եվրոպական այս երկրներում հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդական աշխատողի մասնագիտությանը, ինչը նորություն է հայկական իրականության մեջ, ու ոչ ֆորմալ կրթությանը։ Չեխ փոխնախարարը շեշտում է, որ իրենք ապահովում են աշխատաշուկային համապատասխան կրթություն՝ կարևորելով նաև ոչ ֆորմալ կրթությունը, որը մեծապես նպաստում է երիտասարդների բազմակողմանի զարգացմանը և աշխատաշուկայում մրցունակ դառնալուն։

Եվ մինչ մեր երկրում սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը օպտիմալացնում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու անվանումից դուրս գցում «երիտասարդություն» բառը, Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարարն ափսոսանքով էր նշում, որ ելնելով իրենց երկրի տնտեսական վիճակից՝ տարիներ առաջ ստիպված են եղել երիտասարդության համար տարիներ շարունակ գործող առանձին գերատեսչությունը միավորել կրթությանն ու սպորտին։ Մինչև 2012 թվականը Չեխիայում գործել է երեխաների և երիտասարդության հարցերով զբաղվող առանձին գործակալություն, որը, սակայն, միավորվել է կրթությանն ու սպորտին՝ որպես առանձին ենթակառուցվածք:

Հայկական պատվիրակությունը գլխավորող, երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտների փորձագետ, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել Հայաստանում ու վերոհիշյալ երկրներում գործող երիտասարդական քաղաքականության միջև։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում երիտասարդական պետական քաղաքականությունը որպես համակարգված քաղաքականություն իրականացվում է 1995 թվականից, որի կառավարման լիազոր մարմինը 2007 թվականից սկսած հանդիսանում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Արթուր Նաջարյանի բնութագրմամբ, մեր երկրում 2018-2022 թվականների համար երիտասարդական պետական քաղաքականության մշակման գործում բավական ակտիվորեն մասնակցություն են ունեցել երիտասարդներն ու երիտասարդական կազմակերպությունները, սակայն անհայտ պատճառներով մինչ օրս մշակված փաստաթուղթը կառավարության կողմից չի հաստատվել։

Արթուր Նաջարյանն անդրադարձավ նաև Հայաստանում նախարարությունների թվի կրճատմանը, որի պատճառով դեռ անորոշ է մնում, թե որ գերատեսչությունն է զբաղվելու երիտասարդության հարցերով։

«Չեխիայում երիտասարդության հարցերը համակարգում է կրթության, երիտասարդության և սպորտի նախարարությունը, Լեհաստանում՝ մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով նախարարությունը։

Հայաստանում սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության անվան մեջ առանձնակի, շեշտված երևում է երիտասարդություն բառը, ինչը խոսում է երկրում այդ ոլորտին տրված կարևորության մասին։ Հայաստանում կառավարության կողմից սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը տրված բյուջեի մեծ մասը հատկապես բաժին է ընկնում սպորտին, կարելի է ասել 30/70 տոկոս հարաբերակցությամբ է։ Չեխիայի Հանրապետության պարագայում լրիվ այլ է, եթե ոչ հավասար, ապա չնչին տարբերությամբ է դա, որովհետև ինչպես Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի փոխնախարարն իր ելույթում նշեց, իրենց երկիրը նոր քաղաքականության է անցել և իրենք գտնում են, որ Չեխիայում ցանկացած դրական տեղաշարժ պետք է լինի հենց մարդկային ռեսուրսների զարգացման միջոցով, իսկ եթե խոսում են հասարակության կամ, այսպես ասած, մարդկային կապիտալի մասին, հատկապես շեշտադրում են երիտասարդներին։ Գտնում են, որ երիտասարդների հետ և երիտասարդների համար պետք է լինի հստակ աշխատանք, որը պետք է կազմակերպվի ինչպես պետության, այնպես էլ պետության աջակցությամբ ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների կողմից, որոնք փաստացի ծառայություն են մատուցում պետությանը՝ բեռնաթափելով պետության ունեցած սոցիալական ծանրաբեռնվածությունը։

Հայաստանի Հանրապետությունում այս վերջին օրերին քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը, ինչի արդյունքում ստացվում է, որ երեք նախարարություններ՝ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերով և մշակույթի նախարարությունները միավորվում են՝ դառնում են մեկ նախարարություն։ Նախարարությունն ունենում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի անվանումը, արդյունքում ստացվում է, որ «երիտասարդություն» բառն արդեն միավորված նախարարության անվանումից դուրս է գալիս, ինչն էլ լուրջ մտահոգություն է առաջացրել ոլորտի մասնագետների և փորձագետների մոտ։ Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում անտեսանելի է, թե ինչ պատկեր կունենա, հստակ չէ, թե արդյո՞ք մենք կունենանք առանձին վարչություն նոր նախարարության կազմում։ Պարզ չէ նաև, թե երիտասարդության հարցերի համակարգումն ի՞նչ ոլորտի ներքո է լինելու։

Մենք փորձում ենք անընդհատ միջազգային փորձի ուսումնասիրություն կատարել ու Հայաստանի միջև համեմատականներ տանել ու հասկանալ՝ օրինակ` Լեհաստանում և Չեխիայում երիտասարդության հարցերով ո՞ր գերատեսչությունն է զբաղվում և ինչպե՞ս է ոլորտի համակարգումը կազմակերպվում։ Այս ուսումնական այցի ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ Լեհաստանում և Չեխիայում առկա են առանձին վարչություններ, որոնք պատասխանատու են իրենց երկրներում երիտասարդական քաղաքականության իրականացման համար։

Ուսումնական այցի ընթացքում մեկ կարևոր և հատկանշական փաստ ևս արձանագրեցինք։ Եթե այս օրերին Հայաստանում սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության վերամիավորման գործընթաց է սկսվել և ստեղծվելիք նախարարության անվանումից էլ հանում ենք երիտասարդություն բառը, ապա Չեխիայում և Լեհաստանում լրիվ հակառակ գործընթացն է եղել։ Չեխիայում ու Լեհաստանում տարիներ առաջ երիտասարդության ոլորտը հանդիսացել է կրթության և գիտության ենթաոլորտ, սակայն ինչպես ոլորտի պատասխանատուները ուսումնական այցի ժամանակ ներկայացնում էին՝ հասկացանք, որ մեր հասարակության հզորացման և մեր երկրի զարգացման համար երիտասարդության ոլորտն առաջնահերթություն է, որի համակարգման նպատակով առանձին լիազոր մարմին ենք ստեղծել՝ ի դեմս կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Եվրոպական վերոհիշյալ երկրների փոքր քաղաքները երիտասարդացնելու միջոցներից մեկն էլ տեղական ինքնակառավարման մարմիններին կից գործող երիտասարդական խորհուրդներ ստեղծելն է։ Օրինակ՝ Լեհաստանի 55 տարվա պատմություն Յաշտժեբի Զդռոյ քաղաքում, կարևորելով երիտասարդների մասնակցությունը քաղաքային որոշումների գործընթացում, համայնքապետարանին կից 3 տարի ժամկետով խորհուրդ է ձևավորվում։ Խորհրդի անդամներ էլ երիտասարդների կարիքներն են ներկայացնում ավագանու անդամներին, առաջարկում, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն և համայնքային բյուջեից ինչքան գումար պետք է հատկացվի այս նպատակների համար։

«Մենք Լեհաստանի տարբեր քաղաքներում տեսանք, թե ինչպես երիտասարդական խորհուրդների շուրջ համախմբված երիտասարդները փորձում էին հասարակությունը դարձնել երիտասարդակենտրոն, ինչպես էին փորձում երիտասարդական ակտիվ ավյունը պահել քաղաքում։ Եվ այդ քաղաքները ինչու էին իրենց անվանում երիտասարդական քաղաքներ, ոչ թե նրա համար, որ հիմնադրվել են վերջին հիսուն տարիների ընթացքում, այլ քաղաքն անընդհատ երիտասարդական ակտիվ շարժ ունի։ Օրինակ՝ Գյումրին ունի հիանալի երիտասարդական բազա, երիտասարդական հարցերով զբաղվող հիանալի կազմակերպություններ, սակայն համակարգային բացի պատճառով, հաճախ ստացվում է, որ մենք ոչ կանոնակարգված և համակարգված ենք աշխատում, այսինքն՝ յուրաքանչյուրն իր տիրույթի նեղ շրջանակների համար, և համախմբվածություն չկա, ինչն էլ իր հերթին ձևավորում է անառողջ միջավայր»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Ի դեպ, ուսումնական այցի ընթացքում հայկական պատվիրակությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Լեհաստանի և Չեխիայի տարբեր քաղաքների ղեկավարների, երիտասարդական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ 2019-2021 թվականների ընթացքում Հայաստան-Լեհաստան-Չեխիա փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031