Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գալիս ենք ամբողջական իշխանության…պիտի այս իշխանություններին տուն ուղարկես, որ գաս». Ռուստամյան

Հունվար 29,2019 16:45

«Մեզ անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը շատ օպտիմիստական հայտարարություններ է անում այն մասին, որ շատ մոտիկ են համաձայնության կնքմանը 2019-ին: Մենք գիտենք Ադրբեջանին ինչ պետք է բավարարի, որ գնան համաձայնության»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ «Մեր համար հստակ է եղել կարմիր գիծը, որով երբ մենք բոլոր իշխանությունների հետ, որ ունեցել ենք որեւէ հարաբերություն, փորձել ենք այդ իշխանությունների ձեռքով այդ կարմիր գիծը քաշել: Վերջին հայտարարությունը, որը եղել է իշխանությունների մոտ, այն է, որ որեւէ զիջում չի կարող լինել, քանի Արցախի անկախությունը Ադրբեջանը չի ճանաչել: Եթե այսօր Ադրբեջանը չի պատրաստվում ճանաչել անկախությունը, բայց խոսվում է ինչ-որ համաձայնության մասին, այն էլ՝ շատ մոտ են տեսակետները, ուրիշ բան չի մնում մտածել, քան այն, որ կամ զիջում են, կամ պատերազմական վիճակ պետք է լինի, ուրիշ տարբերակ չկա: Այս պատերազմն ավարտելու երկու ձեւ կա, կա՛մ Ադրբեջանը համոզվում է, որ եթե պատերազմ լինի, ոչ թե 20 տոկոս կկորցնի, այլ ավելի շատ, դրա համար չի հարձակվի, կամ մենք հանձնվում ենք, որ պատերազմն ավարտվի, ուրիշ ճանապարհ չկա: Հիմա ասում ենք՝ արժանապատիվ կլինի, եթե ցույց տանք Ադրբեջանին, որ եթե նոր պատերազմ սկսի ինքը, այդ պատերազմը հօգուտ իրեն չի ավարտվելու: Ամբողջ հայությունն այդ ռազմաքաղաքական դաշինքի պաշտպանն է լինելու: Մենք փորձելու ենք այս գաղափարի շուրջ համախմբել ողջ հայությանը»:

Ռուստամյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այս մասին խոսելիս պայմանավորվել են, որ նախ ճանապարհային քարտեզը մշակվի, նախնական համաձայնություն լինի, նոր նախաձեռնեն գործընթացը:

Հարցին՝ ՀՅԴ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի՞ն են, լարվածություն կա՞՝ ուղերձն իր ինչպե՞ս եք ընկալել, սա հաշտության քա՞յլ էր՝ Ռուստամյանը պատասխանեց. «Պարոն Փաշինյանի հետ որեւէ պրոբլեմ ու խոչընդոտ չենք տեսնում ազգային խնդիրները լուծելու: Մենք հարաբերվելու ենք ըստ մեր ունեցած գաղափարական սկզբունքների, այդ դաշտը կա: Պարոն Փաշինյանի հետ խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում: Ես լավատեսորեն եմ տրամադրված մեր պետական համագործակցությանը: Ինչ էլ լինի, ՀՀ գլխավոր դեմքը վարչապետն է, որ վարում է արտաքին ու ներքին քաղաքականությունն ու սխալ կլինի, որ ուզենաս օր առաջ ձախողվի իշխանությունը, որի մեջ չես, որ քո տրամաբանությամբ առաջ գնաս»:

Aravot.am-ի հարցին՝ դուք ասում եք, որ պաշտոններ չեք ուզում, անցյալից դասեր եք քաղել, միաժամանակ ասում եք, որ ուզում եք համագործակցել այս իշխանությունների հետ, միաժամանակ նշում եք, որ այս իշխանությունը հնարավոր է տարածքներ զիջելու խաղերի մեջ է, հետեւաբար դուք համագործակցությունն ի՞նչ ձեւաչափով եք պատկերացնում՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ կուրորեն: Պատրաստ ենք համագործակցել աչքներս բաց՝ ըստ մեր նախանշած ծրագրերի, նպատակների ու ինքնանպատակ որեւէ համագործակցություն մեզ համար անընդունելի է: Չի ընդունվում նաեւ այնպիսի համագործակցություն, որտեղ մեր ձայնը կարող է անտեսվել, դա նկատի ունենք: ՀՅԴ-ն էն կուսակցությունը չի, որ պորտֆելների համար, այժմեական ինչ-որ հարց լուծելու համար լծակ ստանա»:

Ռուստամյանն ասաց, որ իրենք պատասխանատու են իրենց կուսակցության 129 տարվա համար, իսկ քաղաքական ուժեր կան, իրենց 129 ամսվա համար պատասխանատու չեն:

Հարցին՝ Հրանտ Մարգարյանը շտապո՞ւմ էր՝ ասելով, որ տուն ենք ուղարկելու առաջիկա 5 տարիներին այս իշխանություններին, եթե իշխանությունները համագործակցության եզրեր գտնեն ձեզ հետ, տուն չե՞ք ուղարկելու՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մենք գալիս ենք ամբողջական իշխանության: Սա նշանակում է՝ ունենք խնդիրներ, որ տեսնում ենք, որ այս իշխանությունները ամբողջությամբ չեն ընդունում այն ծրագիրը, որը մենք պաշտպանում ենք, սա նշանակում է, որ մենք լինելու ենք ընդդիմություն: Երկրորդ՝ մենք չենք լինի որեւէ կոալիցիայի մեջ, որտեղ առանց մեզ որոշումներ կկայացնեն, սա նշանակում է ամբողջական իշխանության գալ, բա պիտի տուն ուղարկես, որ դու գաս: Որոշները հայտարարում են՝ թող իրանք մի հատ գան, նոր հանեն, պիտի հանենք, որ գանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031