2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ ընտրություններն արտացոլեցին ՀՀ ժողովրդի կամքը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանը: «Դրական է այն փաստը, որ այդ ընտրություններն ընդունվեցին բոլորի կողմից: ՀՀ-ի վերջին շրջանի պատմության յուրահատուկ ընտրություններն էին, որոնք միջազգային հանրությունը համարում է արդար եւ թափանցիկ»,-համոզմունք հայտնեց բարձրաստիճան պաշտոնյան: Նրա փոխանցմամբ՝ նշյալի հիման վրա կարեւոր է ապագայում լծվել տնտեսական զարգացմանը, որպեսզի ՀՀ-ն ավելի ուժեղ եւ ժողովրդավար հասարակություն ունենա:
Յոհաննես Հաանն այնուհետեւ հայտնեց, որ Եվրամիությունն ավելացրել է ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը. «300 միլիոն եվրոյի ծրագրեր իրագործման մեջ են, եւ եւս 100 միլիոն եվրոյի ծրագրեր «ճանապարհին» են: Առաջիկա տարիների ֆինանսավորման համար բանակցվում ենք, բայց արդեն հստակ է, որ ապագայում տրվելիք ֆինանսական աջակցությունն ավելի մեծ կլինի, քան հիմա է: Դա դրական արդյունք կլինի ՀՀ-ի համար, որն ահռելի թափ է հավաքել վերջին տարում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ֆինանսավորման ավելացումը կապվա՞ծ է ՀՀ-ում 2018թ.-ին տեղի ունեցած հայտնի քաղաքական զարգացումների եւ փոփոխությունների հետ: Հաանը պատասխանեց. «Կհանդգնեմ հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք 2018թ.-ի զարգացումների: Բայց շատ ավելի կարեւոր է երկրում առկա դրական տրամադրվածությունը, որը ներդրումային միջավայրի վրա էլ է ազդում: Արտասահմանում հետաքրքրված են ՀՀ գալով: Միջավայրը շատ լավն է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/233917850829201/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ