Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Կաժոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից «փակագծեր» բացեց, իսկ Դավիթ Երեւանցին երդվեց իր մոր արեւով

Հունվար 29,2019 16:10

Հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՝ Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա մեկնարկի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նշեց, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի աջակցությամբ ներկայացվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի, իսկ Վրաստանի եւ ՌԴ-ի աջակցությամբ` Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի վերաբերյալ հայտերը, որոնք ընդգրկվել են հեղինակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը կազմել է միջոցառումների ցանկ՝ գիտաժողովներից մինչեւ ցուցահանդես:

Մանրամասները`տեսանյութում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ Կոմիտասի հոբելյանին իրենք պատրաստվել են տարբեր ուղղություններով` համերգային, հրատարակչական, գիտական, կրթական: Նա ասաց, որ օրը նշանավոր է նաեւ որպես թանգարանի բացման 4-րդ տարեդարձի օր: Եվ տարեդարձին հոբելյանական տարվան ընդառաջ մի քանդակով է համալրվել իրենց թանգարանը, որի հեղինակն է Դավիթ Երեւանցին, ու քանդակը խորհրդանիշ կհանդիսանա հայ-ֆրանսիական բարեկամության:

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը նշեց, որ հոբելյանական տարուն նախորդել է հսկայական աշխատանք եւ որոշ «փակագծեր» բացեց:

«Հանձնաժողովն աշխատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկամյա ցիկլի հիման վրա, այսինքն` երկու տարին մեկ ներկայացվում են առաջարկություններ: Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը հավաքում է առաջարկությունները ՀՀ բոլոր շահագրգիռ գերատեսչություններից, կառույցներից եւ սահմանափակված է նրանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն երկրից ընդունում է միայն 2 հոբելյան…Յուրաքանչյուր երկիր որեւէ հայտ ներկայացնելուց առաջ պետք է ունենա 2 այլ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների աջակցությունը` հայտն օրացույցում ընդգրկելու համար: Հետեւաբար բանակցային գործընթացում մեր առաջին նախընտրությունը Ֆրանսիան ու Գերմանիան էին, որտեղ վարդապետը սովորել եւ ստեղծագործել է»,- ասաց պարոն Կաժոյանը:

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հավելեց, որ համապատասխան կոմիտեները քննարկում ու տալիս են փորձագիտական կարծիք, եւ որոշում կայացվում է գլխավոր կոնֆերանսի ժամանակ: «2017թ. գլխավոր կոնֆերանսին մենք սպասում էինք, թե ինչպիսի որոշում պետք է լինի: Դրան նախորդեց քարտուղարության տարօրինակ դիրքորոշումը, որ չեն կարող դիտարկել Կոմիտասի հայտը, քանի որ Կոմիտասը ծնված լինելով Թուրքիայում` Թուրքիան չի մասնակցում հայտին:

Նրանք ակնկալում էին Թուրքիայի համաձայնությունը նույնպես: Մենք, բնականաբար, մերժեցինք քարտուղարության նման առաջարկությունը` երկու պատճառով: Նախ չէինք ցանկանում, որ որեւէ կերպ Թուրքիան ասոցացվեր Կոմիտասի հոբելյանի հետ: Եվ երկրորդ` յուրաքանչյուր երկիր ինքն է անկախորեն որոշում, իր իրավունքն է, թե որ 2 այլ երկրների հետ ներկայացնի հայտը: Մեր նախապատվությունը եղել են Ֆրանսիան եւ Գերմանիա…

Մի քանի ամիս տեւած բանակցությունների արդյունքում մենք կարողացանք համոզել եւ ապացուցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը մեր դիրքորոշման ճշմարտացիության մեջ եւ արդյունքում ստանալ դրական եզրակացություն»,- տեղեկացրեց պարոն Կաժոյանը:

Մանրամասները`տեսանյութում:

Մայր աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ բացի պետական հանձնաժողովից, մի հանձնաժողով էլ Մայր աթոռում է ստեղծվել: Նրա ձեւակերպմամբ, Մաշտոցն ու Կոմիտասը մեր ազգային ինքնության հիմնասյուներն են, եւ գալիք սերունդը Կոմիտասի կերպարով պետք է ճանաչի ինքն իրեն:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը` խոսելով Կոմիտասյան միջոցառումների բովանդակային կողմի մասին, ասաց, որ ընդգրկվում են Կոմիտասի գործունեության բոլոր ասպեկտները` կոմպոզիտոր, երաժիշտ, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ: Նրա ձեւակերպմամբ, նույնիսկ առաջարկներ կան, որոնք առնչվում են վարդապետի գրական ժառանգությանը, ուստի Կոմիտասը նաեւ որպես բանաստեղծ է երեւալու նախատեսված միջոցառումներում:

«Շեշտադրությունը այն է, որ Կոմիտասը չներկայանա սոսկ որպես թանգարանային էքսպոնատ, նրա ժառանգությունը սոսկ պատմական նշանակությամբ չէ, որ պետք է երեւա: Նա կենդանի, շնչող արժեք է, որի շառավիղներն այսօր էլ երեւալու են, կան…Նրա երաժշտագիտական մոտեցումներն այսօր էլ գիտական առաջնահերթությունները սպասարկող գիտական մոտեցումներ են»,-ասաց Մհեր Նավոյանը: Նա ասաց, որ դրսի արխիվներում փորձելու են փնտրել Կոմիտասի հետ շփված, ընկերակցած մարդկանց, Կոմիտասի կյանքին առնչվող նյութեր: Հավելեց, որ այլ քաղաքներում էլ են նախատեսված միջոցառումներ, մասնավորապես այն քաղաքներում, որտեղ վարդապետը սովորել եւ աշխատել է: Օրինակ, Ռոմեն Ռոլանի հրավերով Կոմիտասը դասախոսել է:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը ներկայացրեց երգչախմբի Կոմիտասյան համերգը, որը Կոմիտասին նվիրված միջոցառումների անդրանիկ համերգն է:

 Ասուլիսից հետո կայացավ Կոմիտասի քանդակի բացումը: Հեղինակ Դավիթ Երեւանցին ներկայացրեց, թե ինչ են խորհրդանշում քանդակի լուծումները: Ասաց նաեւ, որ քանդակը ձուլվել է Չեխիայում: «Ամեն ինչ, որ խոստովանում եմ, մորս արեւ եմ երդվում, որովհետեւ մամայիս շատ եմ սիրել: 102 տարեկան հրաժարվեց ապրելուց: Եվ հիմա իր արեւով եմ երդվում, ես հպարտ եմ, երբ թեկուզ փոքրիկ մի բան կատարվում է իմ լուսաբաց Երեւանում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031