ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռ անցած տարվա ապրիլյան իրադարձությունների օրերին չէր բացառում, որ Հայաստանում իշխանափոխության հիմքում ընկած է արցախյան հարցում նոր մոտեցումների ամրագրումը: Այսօր արդեն, նա գրեթե կասկած չունի այդ հարցում: «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը «մսխեց» այս հարցում մինչ օրս ձեռք բերված քաղաքական կապիտալը: Նա համարում է, որ Հայաստանի դիրքերը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցային գործընթացում բավական կոշտացել էին, ինչի արդյունքում հնարավոր եղավ հասնել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հայտարարություններին, որտեղ ի թիվս հստակ գործողությունների իրականացման, հղումներ էին արվում ինքնորոշման իրավունքի իրացմանը: «Իր վերջին հայտարարությամբ, Դիլիջանում, Նիկոլ Փաշինյանը սիրուն ջրեց Սանկտ-Պետերբուրգը`ասելով, որ գիտեք ինչ կա, ադրբեջանական կողմը ասում է նման պայմանավորվածություն չի եղել: Էս ո՞ւր ենք հասել: Իմ երկրի ղեկավարը, փոխարեն հղում անի իր նախորդ իշխանությունների կամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, հղում է անում Ալիեւին»:
Ըստ Էդուարդ Շարմազանովի, Դուշանբեի վերելակում Նիկոլ Փաշինյանը ընկել է Ալիեւի թակարդը։ Ինքը չի ասում`Փաշինյանը դավաճան է կամ չի ցանկանում հարցի հայանպաստ լուծում: Նա հիշեցնում է, որ Դուշանբեի հանդիպումից հետո Ադրբեջանի թե ԱԳ նախարարը, թե նախագահը հայտարարեցին, որ Արցախը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան ինքնավարությունը Ադրբեջանի կազմում: Հայկական կողմը լռում է. «Փաշինյանն ասում է`բանակցություն չկա, բայց Մամեդյարովը չորսուկես ժամ բանակցում է Մնացականյանի հետ: Փաշինյանն ասում է՝ որակական բանակցություն չկա, բայց հանկարծ, Դավոսում, մեկուկես ժամ բանակցում է Ալիեւի հետ: Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը տեղյակ էլ չի եղել, որ հանդիպում է լինելու, որովհետեւ ինքն այնպես շփոթված էր, հեչ հպարտ ղեկավարի տեսք չուներ»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում եւ 1998-ին Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները, Փաշինյանի տեսքով, եկել են իշխանության: «Մենք խաղաղությանը դեմ չենք, բայց մենք խաղաղություն մուրալուն ենք դեմ»,-ասաց նա` անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե խաղաղության այլընտրանքը «կատաստրոֆա» է` հիշեցնելով, որ 1920 թվականին էլ բոլշեւիկները կոչ էին անում չպայքարել թուրքերի դեմ եւ խաղաղ հանձնվեց Կարսը: «Մենք երկու պատերազմում հաղթել ենք, մի հատ էլ պիտի Ադրբեջանից խաղաղություն մուրա՞նք: Մարդ, որը ապրիլյան պատերազմ է սանձազերծել, պարգեւատրել է մեր զինվորին գլխատողին, Դուշանբեի վերելակից հետո, մեր վարչապետի վրա ընենց կիրթ մարդու տպավորությո՞ւն է թողել. այստեղ է խնդիրը»:
Հիշեցնում է, ՀՀԿ-ի իշխանության ժամանակ իրենք փոխզիջումների կողմնակից են եղել, բայց հստակ դեմ են եղել «խաղաղություն`տարածքների դիմաց» կոնցեպտին, որը հիմա է առաջարկվում: Ասում է`ՀՀԿ-ի իշխանության նպատակը եղել է եւ այժմ էլ բոլորինը պետք է լինի`պաշտպանել 1991 թվականի Արցախի հանրաքվեի արդյունքները, որով Արցախի ժողովուրդը «այո» է ասել անկախությանը: Նիկոլ Փաշինյանի առաջարկին, թե հանրաքվե կանենք, կորոշվի Արցախի ժողովրդի կամքը, Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Հանրաքվեն Արցախի կողմից արվել, պրծել է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Լրագրողներից մեկը նկատեց`Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, մինչդեռ ՀՀԿ-ի իշխանությունն այդ մասին չէր խոսում: «Բա հենց դա է մեր ու իրենց իշխանության տարբերությունը: Մենք կուրծք չենք ծեծել»,- ասաց բանախոսը`նկատելով, որ հինգ անգամ ԱԳ նախարարներն են հանդիպել, չորս անգամ Փաշինյանն ու Ալիեւը: Բակո Սահակյանին եւ Մասիս Մայիլյանին ինքը չի գտել այդ սեղանի շուրջ: «Դավոսում, որ Ալիեւին հանդիպել ես`պնդել ե՞ս»,- հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին եւ հիշեցնում, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք երբեք չի խոսվել միակողմանի զիջումների մասին. «Մենք խոսել ենք փոխզիջումների մասին, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը առաջնային է լինելու: Հիմա, իմ տպավորությամբ, գնում ենք փուլային լուծման: Երբ Միլզը հեռանում էր, հստակ ասաց, որ տարածքները պիտի տրվեն: Փաշինյանը լավ է լռեր, քան սղղցներ`թե հեռացող դեսպանի հայտարարություն է: Որեւէ բանական մարդ համարում է, որ ԱՄՆ-ի նման երկրի դեսպանը կարող է հենց էնպես հայտարարությո՞ւն անել ու գնալ»:
Էդուարդ Շարմազանովը նաեւ հիշեցնում է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան հայտարարությունը`«պատմական կաղապարներից ազատվելու» մասին, Ալիեւի հետ դավոսյան հանդիպումից հետո Բոլթոնի զանգը Նիկոլ Փաշինյանին, որին մեր վարչապետը պատասխանում է. «Արցախից չենք խոսել: Բա ինչի՞ց եք խոսել. Սուրճը դառն էր, թե քա՞ղցր»:
Լրագրողները Էդուարդ Շարմազանովին հիշեցրին 2016-ին ռուսական մամուլին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, որտեղ ուղիղ խոսվում է յոթ շրջանների վերադարձի մասին:
Էդուարդ Շարմազանովը հստակեցնում է. «Դա խաղաղություն էր կարգավիճակի դիմաց, դրա համար էլ Ալիեւը մերժեց: Եթե Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Արցախի կարգավիճակը`Արցախի իշխանությունը թող որոշի, թե ի՞նչն է զիջելու: Իսկ այսօր խոսվում է անհասկանալի կարգավիճակի եւ անհասկանալի խաղաղության մասին: Ո՞ւմ ենք խաղաղության նախապատրաստում, կարո՞ղ է մեր ժողովուրդը հակաթուրք է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ