Այսօր ՀՅԴ բյուրոյում հրավիրած ասուլիսում ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը hարցին՝ բացառո՞ւմ եք կառավարություն կրկին վերադարձը՝ պատասխանեց. «Մենք նախընտրական փուլում ենք ասել, որ անցյալից դաս ենք քաղել, մենք այլեւս որեւէ կոալիցիայի մեջ չենք մտնի, որտեղ առանց մեզ կարող են որոշումներ կայացնել: Սա պահպանելու ենք: Եթե սա չեն պահպանում, գին ես վճարում պատասխանատվության չափով, բայց լուծումների չես հասնում այնպես, ինչպես դու ես մտածում»:
Նա ասաց, որ առայժմ չեն լսել, որ որեւէ քաղաքական ուժ ամբողջությամբ իրենց առաջ քաշած օրակարգը պաշտպանում է, եթե կլինեն, նրանց հետ կհամագործակցեն. «Արհեստական ընդդիմություն-իշխանություն դառնալու մոլուցք մենք չունենք: ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ, ընդդիմություն, կոալիցիայի մեջ է եղել, բայց իր օրակարգը չի փոխել երբեք»:
Խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառների մասին հարցերին ի պատասխան՝ Ռուստամյանն ասաց, որ այդ ընտրությունները լիարժեք պատկերը չեն տվել՝ ըստ քաղաքական ուժերի իրական գործունեության, որովհետեւ կար պաթոսի ու էյֆորիայի վիճակ: Դրա համար էլ ասում էին ժամանակ տվեք, որ ժողովուրդը այս էյֆորիայից դուրս գա, ավելի սթափ գնահատի. «Այս խորհրդարանը պետք է ամեն ճիգ գործադրի, որ այդ հսկայական վստահությունը կոնկրետ գործերի վերածի, եթե դա տեղի չունենա, այս ամենը արագ հիասթափության կբերի, ինչպես մենք 90-ականներին տեսանք: Սա մեզ դեժավյու է հիշեցնում, նույն վիճակն է եղել՝ հսկայական էյֆորիկ վիճակ, պաթոս, դրա հիման վրա ձեւավորված իշխանություն, որից հետո իշխանությունը ակնկալիքը չի բավարարել, դրան հետեւել է ձախողում եւ հիասթափություն»: Ըստ Ռուստամյանի, հեղափոխությունը պետք է ամեն տուն զգա, իրական փոփոխություն են սպասում. «Շարժումը մենակ մերժումով չի կարող ավարտվել, հիմա ստեղծման փուլն է»:
Հարցին՝ վերջին շուրջ 20 տարվա մեջ Բյուրոյի ներկայացուցիչը չէր փոխվել, հիմա տեղի է ունեցել ՀՅԴ-ում կարեւոր բան՝ Բյուրոյի կազմի փոփոխություն, հիմա ի՞նչ շեշտադրումներ են փոխվել ՀՅԴ-ի մեջ ներքին ու արտաքին քաղաքականության հարցում՝ ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատասխանեց, որ Հրանտ Մարգարյանը, որպես Բյուրոյի ներկայացուցիչ վերջին 20 տարիների, քաղաքականության ներկայացուցիչն էր ՀՅԴ-ի. «ՀՅԴ-ն միշտ գործած է հավաքական ղեկավարության սկզբունքով իր բոլոր մարմիններում: Անշուշտ, անձնական խառնվածքի իմաստով կրնան տպավորություն ստեղծել, բայց որոշումներն ընդունված են հավաքական ընդհանուր սկզբունքներով, չէր կարող շեղել Ընդհանուր ժողովի որոշումները: Հրանտ Մարգարյանն իր թեկնածությունը քաշեցավ, որպեսզի կանխեր որեւէ տեսակի կասկած, այդ հայտարարությունը կատարեց ժողովի բացման խոսքի մեջ»:
Իսկ թե ինչ նոր շեշտադրումներ են լինելու ՀՅԴ քաղաքականության մեջ՝ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ օրակարգը նույնն է՝ ցեղասպանության ճանաչում, պահանջատիրություն, նորությունն այն է, որ հատուցման ծրագիր է պատրաստվում: Տեր-Խաչատուրյանը նաեւ նշեց, որ ՀՅԴ բյուրոյում «ջախջախիչ մեծամասնությունը» տարիներ առաջ փոխվել է, այնպես չէ, որ կազմը միշտ նույնն է մնացել:
Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ Հրանտ Մարգարյանը քայլ է կատարել, որը ակնհայտ դարձրեց այն, որ ՀՅԴ-ն անձի շուրջ չի ձեւավորվել, մի անձի լինել-չլինելը որեւէ բան չի կարող փոխել կուսակցության ընդհանուր գծի մեջ, սա կոլեգիալ մարմին է:
Խոսելով Հրանտ Մարգարյանի՝ գործող իշխանություններին ուղղված քննադատության մասին՝ Ռուստամյանն ասաց. «Հրանտ Մարգարյանն իր ելույթով արտահայտել է այն, ինչ նախընտրական շրջանում մենք ասել ենք հրապարակի վրա: Գլխավոր վտանգը, որը մենք արձանագրել ենք, այն է, որ 90-ականների դասերը մեզ բերում են այն եզրակացության, որ կա շատ մեծ վտանգ, որ նույն սխալը կրկնենք, դեժավյու է սա ինձ հիշեցնում: Անհանգստությունը սա է՝ նորը չլինի լավ մոռացված հնի կրկնությունը: Մենք չպետք է բերենք նրան, որ հին մենաշնորհը փոխարինվի նոր մենաշնորհով: Մենք 5 խնդիր էինք դրել՝ պայմանավորվելով Նիկոլ Փաշինյանի հետ, մեկն այն էր, որ ամրապնդենք խորհրդարանական համակարգը, բայց սուպերվարչապետականից հրաժարում այսօր մենք չենք տեսնում: Նախարարությունների փոփոխությունները, որ բերել են, Ներքին գործերի նախարարության ամրագրում էինք ուզում տեսնել, որտեղ ոստիկանություն, որոնք ուղղակի վերահսկողության տակ պիտի փոխանցվեր ԱԺ-ին, դա պիտի կատարվեր: Այդ պայմանավորվածությունները կար: Մենք ակնկալում ենք, որ այս նոր իրավիճակում այս հարցերին հետամուտ լինեն: Մենք դեռ հույս ունենք, որ երկիրը կզարգանա՝ չզիջելով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ