«Երբ մարդը գտնվում է հացադուլի մեջ, չի կարող կանոնակարգել իր օրգանիզմում ընթացող բարդ փոփոխությունները, սակայն հացադուլից դուրս գալուց հետո կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա: Հետևաբար՝ շատ կարևոր են այն խորհուրդները, որոնք տրվում են հացադուլ անող մարդուն բժիշկների կողմից։ Մհեր Եղիազարյանի հացադուլի շրջանում բուժանձնակազմը կատարել է գրեթե անսխալ քայլեր։ Նրան հացադուլի ամբողջ ընթացքում ընդունել են բուժհաստատության աշխատակիցները, որոնց շնորհիվ դուրս է եկել հացադուլից, սակայն բժիշկը, խորհուրդ տալով, չի կարող հացադուլ անողի փոխարեն ընդունել դեղերը և այս կամ այն սնունդը»,-այսօր «Հոդված 3» ակումբում ասաց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ բուժսպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվանը:
Նրա խոսքով, հացադուլը բժշկական տեսակետից համարվում է ծայրահեղ ռիսկային գործընթաց, որից դուրս գալն ու վերականգնողական փուլը երբեմն լինում են ավելի ռիսկային, քան՝ հացադուլը։
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը կալանավորված էր ու մահացել է 44 օր հացադուլ անելուց հետո: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանն էլ պնդում է, որ հացադուլ հայտարարելուց անմիջապես հետո Եղիազարյանը տեղափոխվել է հացադուլավորների համար առանձնացված վայր, նրան այցելել է բժիշկը, ներկայացրել հացադուլի հետևանքները. «Նրան բազմիցս ընդունել են հիմնարկի պետը, հոգեբանն ու իրավաբանը»:
ՄԻՊ ներկայացուցիչ Գոհար Սիմոնյանն էլ ասաց, որ ՄԻՊ գրասենյակից էլ են այցելել Մհեր Եղիազարյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները, բժշկական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել նրա հետ. «Հարցերի մի մասը, օրինակ՝ խցի ջեռուցման խնդիրը, տեղում լուծվել է, իսկ բարձրաձայնված մյուս հարցերի վերաբերյալ գրություններ են ուղարկվել համապատասխան մարմիններին, նշվել է, որ նա սիրտ-անոթային խնդիրներ ունի։ ՄԻՊ աշխատակիցները կապի մեջ են գտնվել Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ, պահանջել նրա՝ հաշմանդամության կարգը փաստող փաստաթուղթը»:
Արդարադատության փորձագետ Ռոբերտ Ռևազյանն էլ նկատեց, որ «Նուբարաշենում բժիշկներն այնքան քիչ են, որ նույնիսկ հերթապահություն չի լինում: Մինչդեռ նման հիմնարկը պետք է շուրջօրյա գրաֆիկով ունենա բուժաշխատողներ և մասնագետներ»:
https://www.facebook.com/article3club/videos/315173869122441/?__xts__[0]=68.ARAuvep-ich2JT1aOc4FZf3k-u7Cdp0xXpoFiZZgbLTuckomhWWyjKz9Ger0yvc94CtRzG5kCsb8AnDHfJxMQX6b5q_0pzWF1cPKVw7yxb0oAVUaAHEAswNql7zpUDK48CvRX7d1azTbhTn6zG8ieZczna9XnND5XYXQ4hbrUszDKj6JR58T2QTR9zowBm_thQVrn4kx-bIg6URFWLZkTM962fwcRVf4uE7lYhQvfnFGAxU6XOEeBFfJBltyCIbuUuo5IuXR526AdP3s1qjuNsQ89IRkdk8v0efuYzJbDe-APXaB7_lccKnTvAlKSu32FNWtyfEQNQxxN7IESdF3ImATNUX_o53eMNw&__tn__=-R
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ