«Հայաստանում իշխանազավթում կամ հեղաշրջում է եղել»,- այս կարծիքին է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը խոսելով նոր ձեւավորված խորհրդարանի մասին` ասաց. «2019 թվական մտել ենք նոր պառլամենտով, որը նշանակվել էր օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից`իր քաղաքական ճաշակով»:
Իրական ընդդիմություն, ըստ նրա, խորհրդարանում չունենք, ունենք սահմանադրական ընդդիմություն: Եվ ԼՀԿ-ն, և ԲՀԿ-ն, բանախոսի գնահատականներով, մինչ օրս խորհրդարանում Փաշինյանի սատարողներն են եղել, քանի որ չեն քննադատել: Միգուցե հիմա սկսեն քննադատել, քանի որ այլընտրանք արդեն չկա: «Այս պառլամենտը Փաշինյանի թիմի եւ նրան սատարողների պառլամենտ է»:
Էդուարդ Շարմազանովն արձանագրում է` Նիկոլ Փաշինյանը մինչ օրս չի իրականացրել եւ ոչ մի խոստում, ինչ տվել էր: Նա անգամ թվային տեղեկատվություն ներկայացրեց, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի իշխանության գրանցած տվյալները զիջում են նախկին իշխանության թողած արդյունքներին: Մասնավորաբար, ներդրումները, նախորդ տարվա առաջին եռամսյակում, քսան միլիոն դրամով ավելի են եղել, քան այժմ է: Բոլոր ոլորտներում, ըստ նախկին իշխանավորի, «խայտառակ անկում» է գրանցվել։
Այլ մանրամասները` տեսանյութում
«Չնայած Փաշինյանն ասում էր, որ «իզմեր» չունի, բայց ունի եւ դա պոպուլիզմն է: Ի դեմս Փաշինյանի իշխանության ունենք պոպուլիստական իշխանություն»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախկին փոխխոսնակը նաեւ կարծում է, որ Հայաստանում այժմ «արդարադատությունը խայտառակ վիճակում է»: Այս համատեքստում, նա անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին եւ վերահաստատեց ՀՀԿ-ի եւ իր տեսակետը`նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Լրագրողները հետաքրքրվեցին «մարտի 1»-ի գործով նաեւ մյուս անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներով: «Խաչատուրովի հետ կապված էլ. ինչի միասին չե՞նք ձայնագրությունները լսել (նկատի ունի հայտնի գաղտնալսումները- Ն. Գ.), ՀՔԾ պետը հայտարարում է`երկու օր կբռնենք`խելքը գլուխը կգա»: «Մարտի մեկի» հետ կապված Էդուարդ Շարմազանովի կարծիքը չի փոխվել. Նա շարունակում է պնդել, որ պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իր քաղաքական աջակիցներով, քանի որ այն ժամանակ իրենք էին երկրում ատելության մթնոլորտ սերմանել:
Անդրադառնալով գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությանն էլ, բանախոսը հիշեց Նիկոլ Փաշինյանի հեգնանքը նախկին իշխանության վարած արտաքին քաղաքականության մասով, թե «մեր արտաքին քաղաքականությունը վիզը ծուռ էր»: Հիմա, իր «հպարտ ու հզոր քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է իզգոյ: ՀԱՊԿ-ում Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ: Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսում էր Փաշինյանը, որ երբեք այսքան փայլուն չէր եղել, ես էլ մտածում էի, որ գազը ոչ թե պետք է թանկանա, այլ էժանանա. ի՞նչ եղավ՝ գազը թանկացավ, սա՞ էր փայլունը»:
Նա քննադատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվեցին վերջերս Մոսկվայում ԵԱՏՄ-ի մասով: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ էր ԵԱՏՄ-ին անդամակցությանը, դա սխալ էր համարում, բայց հիմա, ոչինչ, կշարունակի: Էդուարդ Շարմազանովի համար նախ տարակուսելի է, որ իրենց իբր սխալը Նիկոլ Փաշինյանը շարունակում է, ապա զգուշացնում է. «Փաշինյանը պետք է հասկանա, որ դիվանագիտության մեջ պատահական բառեր չեն օգտագործում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ