Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը հիշո՞ւմ եք՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չի լուծվել». Արմեն Ռուստամյան

Հունվար 29,2019 14:01

Այսօր ՀՅԴ բյուրոյում հրավիրած ասուլիսում ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի օրակարգը, իրենց անելիքները: Նա ասաց, որ շատ խորհրդանշական է, որ այն Արցախում են անցկացրել. «ՀՅԴ-ն իր համասփյուռ կառույցով ներկա էր Արցախում, կանգնած է Արցախի կողքին՝ ի պաշտպանություն Հայ դատի այսօրվա հանգրվանին»:

Նա ասաց, որ փարատվել է այն մտայնությունը, թե իբր ՀՅԴ-ն տարբեր շերտեր ունի, տարաձայնություններ կան ներսում. «Մեր Ընդհանուր ժողովն անցավ մեկ ընդհանուր նպատակի ու գաղափարախոսության շուրջ: Ընդհանուր ժողովի անցկացումը, նրա մարմնի ընտրությունը, որ տեղի ունեցավ մեկ քվեարկությամբ, եկավ փաստելու, որ ՀՅԴ ընտանիքը միակամ է ու պատրաստ է ստանձնել հայության առջեւ կանգնած մարտահրավերները»:

Հարցին՝ երբ հայտարարեցիք, որ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ պետք է կնքվի ռազմաքաղաքական դաշինք, դրա ընդդիմախոսները նշեցին, որ ռիսկերը հաշվի չեն առել, բացի այդ, երբ դուք իշխանություն էիք, ինչո՞ւ այդ հարցն այդքան հրատապ չէիք համարում՝ Ռուստամյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր երկար կենսագրություն ունեն քաղաքական կյանքում, կփաստեն, որ այդ հարցը ՀՅԴ-ն վաղուց է բարձրացրել, արդեն տասը տարուց ավելի ենք դրա մասին խոսել: Ռազմաքաղաքական դաշինքը այն է, որ մենք միշտ դիտել ենք, որ սա չի թուլացնի մեր դիրքերը բանակցային դաշտում, ՀՀ-Արցախ անմիջական կապը կուժեղացնի: Դեռ նախագահական ընտրություններին, երբ Վահան Հովհաննիսյանն էր մասնակցում, դրա մասին խոսել ենք, դրա մասին խոսել ենք նաեւ ապրիլյան պատերազմից հետո, օրվա իշխանությունը ընդունեց դա, հանձնարարություն տրվեց: Մենք այսօր համարում ենք, որ իսկապես սա անհրաժեշտ է, մենք այսօր լուրջ սպառնալիքներ ունենք Արցախի պատերազմի հետ կապված, նոր պատերազմ հրահրելու Ադրբեջանի մտադրության հետ կապված: Մենք պետք է հասկանանք՝ հարձակում Արցախի վրա, նշանակում է հարձակում ՀՀ-ի վրա: Ճանապարհային քարտեզ պետք է ստեղծենք ու գնանք այդ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, մեր միակամությունը պետք է հաստատենք»:

Հարցին՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն փաստորեն չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարան անցնելու համար, ասել եք՝ արտախորհրդարանական բեւեռում եք լինելու, ՀՀԿ-ի հետ համագործակցություն լինելո՞ւ է՝ Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ի գործունեությունը ԱԺ ընտրությունների հետ բացարձակ կապ չունի. «Մենք ՀՀ ամենակայացած, եթե չասեմ միակ կուսակցությունն ենք, չկա մեկ այլ այդպիսի կուսակցություն, որ ներկայություն ունենա բոլոր այն տեղերում, որտեղ իր ներկայությունը հայությունն արձանագրել է: Մեր գործիքակազմը մեր ծրագրից է բխում, մեր ուժի աղբյուրը մեր ժողովուրդն է, մեր համասփյուռ հայությունը: Դրա վրա է կենտրոնացած մեր բոլոր ծրագրերը: Դա պայմանավորված չի մանդատ ունենալ-չունենալով: ՀՅԴ-ն եղել է ժամանակ, որ 70 տարի անգամ ՀՀ-ում չի եղել, իր գոյությունը շարունակել է, 90-ականներին ԳԽ-ում ՀՅԴ-ն նույնպես չի եղել: Երբ բոլորը տեսան, որ կա ֆորս-մաժորային իրավիճակ, նույն խորհրդարանում ՀՅԴ-ի բավականին մեծաքանակ խումբ ձեւավորվեց: Մեր ասելիքը հստակ է, բխում է ժողովրդի շահերից, ՀՅԴ-ն անելիք ունի»:

ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին խոսելիս՝ Ռուստամյանն ասաց, որ երբ 7 կետերը մշակել էին, ասում էին, որ կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք կընդունեն այդ կետերը: Հիմա նա նշեց, որ ՀՀ-ն ինչպիսի իշխանություն ունենա, պիտի հասկանա, որ կա պատերազմական իրավիճակ, շրջափակում ու ՀՀ-ն պետք է զարգանա՝ չզիջելով, իսկ դրա համար անհրաժեշտ է համագործակցություն: Ռուստամյանը հիշեցրեց առաջին նախագահի խոսքերը՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը հիշո՞ւմ եք՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Մենք էլ ասում ենք, որ Արցախի հաղթանակը մեր գլխավոր հաղթանակն է, սրանից զիջում չի կարելի թույլ տալ: Պետք է Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանել, գնալ այն ճանապարհով, որը Արցախը իր Սահմանադրությամբ հռչակել է»:

Ռուստամյանն ասաց, որ վարչապետի հետ երկու օր առաջ այս ամենի մասին խոսել են. «Եթե սա կդառնա կառավարության ծրագիր, մենք պատրաստ ենք համագործակցել: Սա է մեր մոտեցումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031