«Տպավորություն է, որ ուզում եք ես անպայման կալանավորվեմ։ Միշտ փորձում եք բացասական երանգներ գտնել»,-լրագրողների հարցերին այսօր այսպես արձագանքեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ` նա չի կալանավորվի։ Արմեն Գեւորգյանը չարձագանքեց հարցին` 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավվե°լ է քաղաքական գործընթացներում, թե ոչ։ «Դա պատկան մարմինների գործն է, իսկ ես պարտավորություն ունեմ տեղեկություններ չհրապարակել։ Ես պարտաճանաչ քաղաքացի եմ եւ պահպանում եմ նախաքննական գաղտնիքը։ Գործի վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում»,-ընդգծեց Արմեն Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ մարտի մեկի քրեական գործի շրջանակներում Արմեն Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու համար (ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարության` նա 2008-ին ճնշում է գործադրել ՍԴ դատավորներից մեկի վրա, որպեսզի նա անփոփոխ թողնի նույն թվականի նախագահական ընտրությունների արդյունքները)։ Նրան մեղադրանք է առաջադրված նաեւ փողերի լվացման և խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Գեւորգյանը տեղեկացրեց, որ շտապելու է կիսատ գործերը շարունակել։ Խոսքը ՀՀ-ի զարգացմանը եւ Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանն է վերաբերում. «Ցավում եմ, որ այսքան ժամանակ հետեւողական չեմ զբաղվել, որովհետև ստիպված էի այս գործընթացում ներգրավված լինել»:
Արմեն Գեւորգյանը չմեկնաբանեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018թ.-ի այն հայտարարությունը, որ Մարտի մեկի գործն արդեն բացահայտված է. «Ես տեսակետ չունեմ այն հարցերի վերաբերյալ, որոնք քրեական գործով ինձ չեն վերաբերում»: Նա նաեւ նշեց, որ 2008թ.-ի ՀՀ ՊՆ 0038 հայտնի հրամանից տեղյակ չի եղել։
https://www.facebook.com/aravot.am/videos/301138987267478/?story_fbid=301138987267478&id=271803352838187
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ