Թավշյա հեղափոխությունից հետո շատ քննարկվեց բանակի ներգրավվածության հարցը 2008-ի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների ժամանակ։ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արամ Խաչատրյանի հետ, որը 2004-2009 թվականներին եղել է գումարտակի շտաբի պետ, մայոր։ Վերջինս՝ որպես զինվորական, անմիջական մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին։
– Մարտի մեկի գործի շրջանակներում ամենաքննարկված թեման, թերեւս, բանակի ներգրավվածության հարցն է։ Դուք այն ժամանակ եղել եք այդ համակարգում, ի՞նչ կասեք այս մասին։
– Այո։ Ես պարզ կարող եմ ասել, որ բանակը ներգրավված է եղել եւ իր մասնակցությունն է ունեցել այդ օրերին։ Կադրերում էլ ակնհայտ երեւում է, որ բանակը ներգրավված է եղել։ Ես ինքս, լինելով զինվորական, կարող եմ ասել, որ այդ օրը՝ մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երեւան ժամը 3-ին։ Այդ օրը՝ ժամը 3-ին, տագնապ է հնչել, եւ գումարտակը տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երեւան։ Բանավոր կերպով տագնապ է տրվել, եւ վերադասի կողմից նշվել է ուղղությունը՝ որտեղ պիտի գնանք։ Մենք գնացել ենք Երեւան՝ Օրբելի փողոց, եւ այնտեղ կանգ ենք առել։ Այնուհետեւ հաջորդ օրվանից մեր գումարտակը տեղակայված է եղել ձկան խանութի խաչմերուկին, եւ այնտեղ ծառայություն է իրականացվել։
– Լուրեր կան այն մասին, որ Դուք այդ օրերին ընդդիմացել եք վերադասներին, փորձել եք այնպես անել, որ հրամանները ամբողջությամբ չկատարվեն։ Ի դեպ, սրա հետ է կապվում Ձեր պաշտոնանկությունը։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։
– Իհարկե, մարտի 1-ից հետո ինձ ծառայությունից հեռացրել են, նույնիսկ աստիճանազրկել են։ Ես դատական հայցով դիմել եմ վարչական դատարան, ու կոչումս վերականգնել են։ Այնուհետեւ բանակից հեռացնելու վճիռը չեմ բողոքարկել, որովհետեւ դա անիմաստ եմ համարել եւ չեմ վստահել մեր դատական համակարգին։ Այնուամենայնիվ, իմ պայքարը շարունակել եմ։ Մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին, քաղաքական ակցիաներին, թավշյա հեղափոխությանն եմ ակտիվ մասնակցություն ունեցել, հարցազրույցներում իմ կարծիքը հայտնել եմ նախորդ իշխանությունների մասին։
– Պաշտոնանկությունը Ձեր կոնկրետ ո՞ր քայլից հետո է եղել։
– Երեւի պետք է հարցնել նախորդ իշխանություններին։ Ինչպես արդեն դուք Ձեր հարցի մեջ նշեցիք, փորձել եմ ընդդիմանալ եւ կանխել շատ բաներ։ Ես ուզում եմ նաեւ մի բան ասել, իմ գումարտակը այդ օրերին նույնիսկ մեկ փամփուշտ չի կրակել։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում