Անցյալ շաբաթ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գեւորգ Մուրադյանին միաձայն ընտրեց խորհրդի նախագահ։
Ընտրության հաջորդ օրն արդեն մամուլում գրվեց, թե Գեւորգ Մուրադյանը ՀՀԿ խորհրդի անդամ է եւ 2017 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Մուրադյանը հերքեց լուրերը, թե ինքը ՀՀԿ անդամ է, սակայն ասաց, որ 2017-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում եղել է:
«Որեւէ կուսակցության անդամ երբեւէ չեմ եղել, մանավանդ՝ Հանրապետականի։ Բայց 2017 թվականի ընտրություններին ցուցակում եղել եմ որպես Կարեն Կարապետյանի թիմի անդամ»,- մասնավորապես նշեց Մուրադյանը։
Ի դեպ՝ Գեւորգ Մուրադյանը 2016 թվականին նշանակվել էր այդ ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։
Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մուրադյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելը անսպասելի չէր, խորհրդի անդամներից մի քանիսի հետ արդեն քննարկվել էր այդ հարցը։
Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ խորհրդի նախագահն ասաց, որ ԵՊՀ-ում, իհարկե, անհրաժեշտ են փոփոխություններ։
Նա նշեց, որ ԵՊՀ-ում խնդիրները սկսում են ֆինանսական կառավարումից, վերջանում՝ ծրագրերի բովանդակային մասի վրա աշխատելուց։ Մուրադյանի կարծիքով՝ ծրագրերը պետք է հետաքրքիր լինեն ե՛ւ դասախոսների, ե՛ւ ուսանողների համար։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում