Ամենաքիչ կոռումպացված երկիրը՝ ըստ կոռուպցիայի ընկալման 2018-ի համաթվի՝ Դանիան է:
Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն այսօր հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2018 թվականի արդյունքները:
«Հոդված 3» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ այս տարի ընդհանուր հետազոտություն է արվել այն մասին, թե ինչպես է կոռուպցիան թուլացնում ժողովրդավարությունը:
Անդրադառնալով 2018-ի՝ Հայաստանի համաթվին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց. «Այս համաթիվը չի փոխվել՝ 35 է: Հայաստանը 105-րդ տեղում է 180 երկրների մեջ: Կարելի է ասել՝ մնացել է իր տեղում: Համաթիվը 0-100 սանդղակի վրա է. 0-ն բացարձակ կոռումպացվածության համաթիվն է 100-ը՝ բացարձակ մաքուր: Բացարձակ մաքուր երկիր չկա: Ուսումնասիրությունները հիմնականում արվել են 2017-ին և 2018-ի սկզբին՝ մինչև թավշյա հեղափոխությունը՝ ավելի շատ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանն է, քան նոր: Տարածաշրջանում ՀՀ-ն 10-րդն է 19 երկրներից»:
Աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթվով առաջատար է Դանիան: Վարուժան Հոկտանյանը մանրամասնեց. «Մաքուր երկրները որպես կանոն ժողովրդավարական պետություններն են: Առաջին տեղում է Դանիան՝ 88 համաթվով: Այնուհետև Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Սինգապուր, Շվեդիա, Շվեյցարիա՝ 85-ական միավորով: Միակ ոչ ժողովրդավարական երկիրը Սինգապուրն է, բայց այն աշխարհի երրորդ ամենաազատ տնտեսություն ունեցող երկիրն է»:
Ամենավատ վիճակը շարունակում է մնալ այն երկրներում, որտեղ հակամարտություններ են, ավտորիտար վարչակարգ, պատերազմներ: Ամենավատը իրավիճակը Սոմալիում է, Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում ու Հյուսիսային Կորեայում:
Վարուժան Հոկտանյանն առանձնացրեց՝ Բելառուսը երկրորդ տեղում է իրավիճակը լավացրած երկրներից: Նաև նշեց այն երկրները, որտեղ վիճակի վատթարացում է նկատվում. «ԱՄՆ-ում վիճակը վատացել է: 2011-ից հետո առաջին անգամ այդ երկիրը դուրս մնաց առաջին քսանյակից: Բրազիլիան նույնպես բավականին կոռումպացված երկիր է դարձել. գնալով վատանում է վիճակը: Չեխիան բավականին բարձր աճ էր ցույց տալիս, բայց անցյալ տարի այնտեղ էլ բավականին լուրջ կոռուպցիոն սկանդալներ եղան և դրա հետ կապված իրավիճակը վատթարացավ: Հունգարիան և Թուրքիան ևս շարունակում են նահանջել, դա կապվում է նաև ժողովրդավարության նահանջի հետ: Թուրքան 10-12 միավոր կորցրեց վերջին երկու տարիների ընթացքում»:
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ուժեղ ձեռքով հնարավոր չէ կոռուպցիա վերացնել: Այս առիթով նա կարծիք հայտնեց. «Ինչքան էլ ուզես ուժեղ ձեռքով վերջ տալ կոռուպցիային, եթե չկան լուրջ տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, եթե կա սոցիալական բևեռացվածություն, դա հնարավոր չի լինի անել»:
Հարցին՝ նոր կառավարության քայլերն այս ուղղությամբ գոհացուցի՞չ են, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Առայժմ չեմ ուզում կտրուկ կողմ կամ դեմ հայտարարություններ անել. փորձում եմ իրավիճակը հաշվի առնել: Դեռ չունենք վերջնական ձևավորված կառավարություն և ԱԺ: Դրանից հետո ես սպասում եմ կառավարության ծրագրին: Ինչ վերաբերում է ռազմավարությանը՝ հույս ունեմ արդարադատության նախարարությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ կփորձեն դա հարմոնիզացնել կառավարության ծրագրի հետ: Սպասենք, կարծեմ փետրվարի 8-ն է մինչև»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ