Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հայ ազատամարտիկի վերաբացված արձանի շուրջ բարձրացած աղմուկի մասին զրուցել ենք Ջավախքի հարցերով փորձագետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Հատկանշական է, որ ծնունդով ջավախեցի Վահե Սարգսյանին 2014-ի մարտի մեկից արգելել են Վրաստան մտնել` գրքեր տանելու պատճառով:
-Դուք նշել եք, որ արհեստական այս աղմուկը, բնականաբար, ուղղորդում են հակահայկական ուժերը, և այն միտված է սրելու առանց այն էլ փխրուն ու խնդիրներով հարուստ Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Վրացական մամուլը, տվյալ դեպքում, ողողված է բացառապես հակահայկակա՞ն նյութերով, թե՞ կա նաև հակակշռող կարծիք:
-Արցախյան գոյապայքարի հերոս, հայտնի հետախույզ, Մեղրիի հետախուզական ստորաբաժանման անդամ ջավախահայ Միքայել Ավագյանի հայրենի գյուղում հերոսի արձանի վերաբացման փաստը բացասական գույներով են ներկայացնում հիմնականում ընդդիմադիր և տարածաշրջանում մշտապես Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկող Միխեիլ Սաակաշվիլու գաղափարներով առաջնորդվող լրատվամիջոցները, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավորությամբ: Վերջինս արդեն մի քանի խոշոր ռեպորտաժներ է ներկայացրել արձանի բացման առնչությամբ, բոլորն էլ ծայրահեղ ադրբեջանամետ դիրքերից: Արձանի բացման փաստի առիթով իշխանություններին քննադատող վրացի գործիչների տեսակետների ներկայացմանը զուգահեռ ռեպորտաժում ներկայացվում են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների և այլ գործիչների դատապարտող տեսակետները, որոնց հենքի վրա էլ վրաց ընդդիմադիր լրագրողներն անում են հիվանդագին ենթադրություններ: Պարզորոշ է, որ Սաակաշվիլին և նրան սպասարկող լրատվամիջոցները խնդիր են դրել քաոսի վերածելու երկիրը, և այս անգամ զոհասեղանին են դրված ՀՀ-Վրաստան հարաբերությունները: Իշխանական կամ չեզոք թևի լրատվամիջոցները ձգտում են խնդիրը ներկայացնել հնարավորինս բալանսավորված:
-Ըստ Ձեզ` խնդիրն ի՞նչ լուծում է գտնելու, վերատեղադրված արձանը կմնա՞ իր տեղում, թե՞ կապամոնտաժվի:
-Վերատեղադրված հուշարձանը ապամոնտաժելու տարբերակը գործնականում անհնար եմ համարում: Այն տեղադրված է ոչ պետական միջոցներով, մարմնավորում է Ջավախքի արժանավոր զավակի հիշատակի հավերժացումն իր հայրենի գյուղում, և դրա տեղադրումը քաղաքականացվում է արհեստականորեն` ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող ուժերի կողմից: Վրաստանի իշխանությունները դա, կարծում եմ, լավագույնս գիտակցում են և տուրք չեն տա Սաակաշվիլու հրահրիչ գործողություններին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում