Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե այս պահին և գոնե այսօր ադրբեջանցի գործընկերները կառուցողական էին». Գայանե Աբրահամյան

Հունվար 29,2019 00:16

Հունվարի 28-29-ին Բրյուսելում անցկացվում է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) նիստը:

Հայաստանը մասնակցում է պատվիրակության նոր կազմով: Պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Գայանե Աբրահամյանը, ԲՀԿ խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը:

Բրյուսելում այսօր կայացավ տնտեսական ինտեգրացիայի, իրավական, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովների համատեղ հանդիպումը: Այնուհետև տեղի ունեցավ ԵՄ ասոցացման համաձայնագրի աշխատանքային խմբի հանդիպումը:

Aravot.am-ը Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամ Գայանե Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ԵՄ ասոցացման համաձայնագրի աշխատանքային խմբի հանդիպումը Հայաստանի հետ կապված հարց քննարկվե՞լ է: Նա պատասխանեց. «Զեկուցողները Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան էին: Մենք դեռ համաձայնագրի վավերացման գործընթացի մեջ ենք, իրականացման գործընթացին դեռ չենք հասել, ուստի մյուս երկրների համաձայնագրի իրականացման փորձը լսողի դերում էիք, որոնք կարևոր են հետագայում նաև այդ ճանապարհն անցնելու և մի շարք գործիքներ կիրառելու առումով»:

Եվրանեսթում պատվիրակները քննարկեցին երեք զեկույց, որոնք ըստ Գայանե Աբրահամյանի՝ կարևոր են Հայաստանի համար: «Թվայնացումը՝ արդյունավետության և տնտեսական աճի ապահովման գրավական ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների համար» խորագրով զեկույցը, Գայանե Աբրահամյանի ներկայացմամբ, կոռուպցիոն որոշակի գործընթացներ բացառելու լավ փաստաթուղթ է, որը կարևոր հնարավորություններ է ստեղծում:

«Նորարարությունը կրթության մեջ և կրթական բարեփոխումները ԵՄ անդամ և Արևելյան գործընկերության երկրներում. հնարավորություններ և մարտահրավերներ» զեկույցի քննարկման ժամանակ Գայանե Աբրահամյանը հանդես է եկել առաջարկներով: Պատգամավորը մանրամասնեց. «Կարևոր փաստաթուղթ է, և մենք մի քանի առաջարկ ներկայացրինք, որ ոչ միայն դիտարկել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են ազդել և օգտագործվել լավագույն կրթություն ապահովելու համար, այլ դիտարկենք բարձրագույն կրթության և տնտեսության աշխատանքային հարթակի համագործակցության հնարավորությունները՝ կրկին օգտագործելով տեխնոլոգիաների հնարավորությունները: Հարցը կքննարկվի և գուցե հետագայում մտնի փաստաթղթի մեջ»:

Մեկ այլ զեկույցում ներառված է աշխատողների սոցիալական ապահովության և իրավունքների խնդիրը, հատկապես կարևոր դրույթներ է ներառում չգրանցված, ստվերային աշխատողների իրավունքների պաշտպանության համար: Այս առիթով Գայանե Աբրահամյանն ասաց. «Հայաստանում լուրջ բարեփոխումների կարիք կա նաև չգրանցված աշխատողների, ստվերային աշխատանքային ամբողջ համակարգի հետ կապված: Ուղղակի առաջարկեցի, որ նաև դիտարկեն արհեստակցական միությունների դերը մեծացնելու տարբեր ծրագրեր: Եթե արհմիությունները իրապես, այլ ոչ թե ֆորմալ կերպով աշխատեն, այդ դեպքում կկարողանան պաշտպանել թե′ աշխատողների իրավունքները,  թե′ բարձրացնել սոցիալական ապահովության խնդիրներ»:

Հետաքրքրվեցինք՝  ադրբեջանական գործընկերների հետ կապված դեռ միջադեպեր չե՞ն գրանցվել, քանի որ նրանք մշտապես օգտագործում են այս հարթակը, Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Գոնե այս պահին և գոնե այսօր ադրբեջանցի գործընկերները կառուցողական էին: Վաղը չենք կարող բացառել, որ հարթակը չեն օգտագործի, քանի որ վաղն էլ քաղաքական թեմաներով քննարկումներ են նախատեսված»:

Գայանե Աբրահամյանը շեշտեց՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարեց,  որ Հայաստանը ինովացիոն և կրթության ոլորտում այնպիսի ծրագիր է կիրառել, որն առիթ է դարձել, որ ԵՄ անդամ երկրները դրանից օրինակ վերցնեն: Այնուհետև հայ պատգամավորը հավելեց. «Այդ ժամանակ ասացի, որ Թումո կենտրոնը բացվել է Փարիզում, և սա այն հաջողության պատմությունն է, որը ցույց է տալիս՝ ոչ միայն մենք ենք սովորում, այլև մեզնից»:

Գայանե Աբրահամյանը նաև նշեց, որ ԵՄ շատ պատվիրակներ իրենց խոսքում ընդգծել են Հայաստանում փոփոխությունները և դրա ազդեցությունը ժողովրդավարական զարգացման վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031