Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին պետք է առերեսվեր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված 14 միլիոն դոլար կաշառքի գործով անցնող Արաքս Դիլանյանի հետ։ Aravot.am-ի հետ զրույցում տիկին Համբարձումյանը պատմեց, որ Արաքս Դիլանյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առերեսվելուց:
Ավելի վաղ Արաքս Դիլանյանը պնդել էր, թե չի ճանաչում Համբարձումյանին: Վերջինս հայտնել է, որ նույնպես չի ճանաչում նրան, Արամ Հարությունյանը փոխանցել է նրա հաշվեհամարը՝ գումարը փոխանցելու համար: Սիլվա Համբարձումյանի խոսքով, ինքը որոշել էր այս առերեսման ժամանակ Արաքս Դիլանյանից հետաքրքրվել՝ ինչ կապ ունի Արամ Հարությունյանի հետ, սակայն ձախողված առերեսման պատճառով հարցը չի կարողացել տալ:
Սա Համբարձումյանի ու Դիլանյանի առերեսման երկրորդ փորձն էր, առաջինը եղել է 2015-ին, այնուհետեւ գործը կասեցվել էր: Տիկին Համբարձումյանի խոսքով, այն ժամանակ Դիլանյանը պնդում էր, որ իր հաշվեհամարին ոչ մի գումար էլ չի փոխանցվել. «Բայց հիմա չէր կարող հերքել, որովհետեւ ամբողջ փաստաթղթերը կային»:
Արաքս Դիլանյանը մոտ մեկ ամիս առաջ Երևան է եկել նախաքննության մարմնին տեղեկություններ հայտնելու և հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում ՝ չկարողանալով մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ