Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը Հայոց  բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ

Հունվար 28,2019 21:55

 Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Վեհափա՛ռ Տեր,

մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

պարոնա՛յք զինծառայողնե՛ր,

Հարգելի՛ հյուրեր

 

Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ:

Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի կառուցման յուրօրինակ խորհրդանիշ:

Այսօր ցնծության, հպարտության, բայց միաժամանակ նաև ազ­գա­յին գիտակցության և սեփական ուժն ու կարո­ղությունն արժևորելու օր է:

Կարծում եմ՝ բոլորս ունենք այդ երկակի զգացումը, մանավանդ, որ ներկաներից շատերի համար հայոց բանակը զավակի պես է, որի հետ քայլել ու քայլեցրել են: Ձեզանից շատերի կյանքը զուգահեռվել է այն հերոսական ու նշանավոր ժամանակաշրջանի հետ, որը կոչվում է Հայոց բանակի պատմություն:

Մեր Բանակն Արցախյան հաղթական հերոսամարտի ծնունդն է: Եվ ծննդյան օրից ի վեր, մինչ այս պահը, մեր երկրի եզերքները զենքով պաշտպանելու ամենօրյա խնդիրները մշտապես ուղեկցել են մեզ ու դեռ ուղեկցելու են առժամանակ: Մեր կռիվը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է ամենուր` աշխատասենյակից մինչև հրամանատա­րական կետ, կրթօջախից մինչև կրակա­դաշտ, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:

Այսօր նաև վերհիշելու և վերագնահատելու օր է: Վերհիշելու այն բոլոր նվիրյալ մարդկանց, ովքեր իրենց փորձն ու գիտելիքն են ներդրել Բանակի կայացման գործում: Եվ, իհարկե, վերհիշելու մեր այն բոլոր ծառայակից ընկերներին, ովքեր իրենց կյանքով են կերտել մեր այսօրն ու վաղվա իրավունքը` լինի դա Արցախյան ազատամարտում թե ամենօրյա մարտական ծառայության ընթացքում: Պատահական չէ, որ յուրա­քանչյուր տարի մենք այս օրն սկսում ենք Եռաբլուրից: Փա՛ռք ու պատիվ նրանց և մեր խոնարհումը նրանց ծնողների ու հարազատների առջև:

Հարգելի՛ հյուրեր

2018 թվականի քաղաքական թեժ գարունից հետո ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ հասարակու­թյան ուշադրությունը բոլոր ոլորտներում և հատկա­պես Բանակի հանդեպ չափա­զանց բարձր է, սպասելիքները՝ նույնպես: Սա պարտավորեցնող, բայց նաև հաճելի զգա­ցում է: Զգացում, որը նաև լրացուցիչ լիցքեր է հաղորդում, որովհետև իրականում չափազանց բարձր է նաև ժողովրդի համախմբվածության աստիճանը, և այս տեսակե­տից մեր թիկունքը չափազանց ամուր է:

Այս մթնոլորտն է նաև այն տեսանելի ձեռքբերում­ների հիմքում, որոնք մենք ունեցանք անցած տարվա ընթացքում:

Մասնավորապես.

Քաղաքական հստակ ջանքերի և մեր զինված ուժերի հմուտ մարտավարության ու գործողությունների շնորհիվ ունեցանք բավականին հանգիստ առաջնագիծ:

Մենք այսուհետ ևս վճռական ենք լինելու մեր պատրաստության բարձր մակարդակով և կարգապահությամբ քաղաքական պայմանավորվա­ծությունները պահպանելու, բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում` համապատասխան գործողություններով հակառակորդին մեր կամքը թելադրելու գործում:

Մեր կարգապահության և գիտակցության բարձր մակարդակի շնորհիվ մենք կարողացանք զինված ուժերը զերծ պահել քաղաքական զարգացումների և առաջին հերթին` ընտրական գործընթացների վրա ազդեցու­թյու­նից, ինչը լավագույնս դրսևորվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Զորակոչային գործընթացում մենք առավել ամրա­պնդեցինք թափանցիկության և արդարության սկզբունք­ները` բարձրացնելով բանակի նկատմամբ մարդկանց վստահության աստիճանը: Շատ կարճ ժամանակահատ­վածում մենք նախադրյալներ ստեղծեցինք ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման, զինված ուժերում կանանց դերի բարձրացման, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտներում որակական առաջընթացի համար:

Մենք շարունակեցինք արդյունավետ հարաբերու­թյուններ զարգացնել մեր դաշնակիցների և գործընկեր­ների հետ, հարստացնել մեր սպառազինությունների զինանոցը, կյանքի կոչել ոչ միայն գործող պայմանավոր­վածությունները, այլև հանդես գալ նախաձեռնություն­ներով և ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, որոնք կոչված են առավել բարձրացնելու մեր դաշնակ­ցային հարաբերությունների մակարդակը ու որոշակի ոլորտներում հակառակորդի նկատմամբ հասնելու որակական գերազանցության: Մարտունակու­թյունը բարձրացնելու և որակական գերազանցության հասնելու նպատակով մենք վերանայեցինք մոտեցումները մարտական պատրաստության ծրագրերի նկատմամբ` սահմանելով նոր, հավակնոտ պահանջներ:

Այսօր մենք ավարտում ենք բանակի կառավարման համակարգի, ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխությունները, ընթացքում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու:

Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու բանակաշինության մեր ընթացքը` սերտորեն համագործակցելով օրենսդիր, դատական, տեղական ինքնա­կառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, լրագրողական հանրության և հասարակական կազմակերպությունների հետ, նաև մշտապես հաշվի առնելով այն, որ անվտանգության սպառնալիքների շարունակական բնույթով պայմանավորված՝ ստիպված ենք լինելու պահել մեր բնակչության ու ռեսուրսների նկատմամբ միջազգային բոլոր չափանիշներով անհամաչափ մեծաքանակ բանակ:

Հետևաբար, առաջնային խնդիր ենք դիտարկելու ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառա­յության կազմակերպման փոխլրացնող համակար­գի շարունակական բարելավման քաղաքականությունը, նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և բանակաշինության գործում մեր քայլերն ուղղելու ենք համակողմանի ապահովման ու անձնակազմի կառավարման ոլորտնե­րում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը:

Շարունակելու ենք աշխատել զինված ուժերի մար­տու­նակության բարձրացման վրա: Այս առումով հույժ կարևոր եմ համարում թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պարտաստությունը և թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հա­մալրումը: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմական հետախուզությանը, մարտական հերթապա­հությանը և անձնակազմի բարոյահոգեբանական պատ­րաս­տությանը` ձևավորելով այնպիսի կարողություններ, միջոցներ և եղանակներ, որոնք կապահովեն մեր հուսալի պաշտպանությունը, իսկ մարտական գործողությունների վերսկսման դեպքում` դրանք հակառակորդի տարածք տեղափոխելը:

Կառավարության իմ գործընկերների հետ մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանում ռազմական նշանակության արտադրանքի բավարար տեսակների ու քանակների արտադրության և արդիականացման կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային դերակատարների ներգրավմամբ:

Սրանք, իհարկե, փոքր մասն են այն ամենի, ինչ մենք անում ենք և պետք է անենք: Բայց բոլորիս համար նշանակալի այս օրը մենք պետք է ևս մեկ անգամ վերագնահատենք մեր Հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված յուրաքանչյուրիս բացառիկ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ` նախարարից մինչև 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայող, և ամրագրենք, որ մեր բանակը պարզապես իրավունք չունի որևէ հարցում ընկրկելու և անպայման հաջողելու է՝ լինի մարտական հրաձգությամբ սահմանը պաշտպանելիս թե ուսում­նական զորավար­ժության ժամանակ, լինի սոցիալական ապահո­վու­թյան թե կադրային քաղաքականության աշխատանք­ներում, լինի ռազմական արդյունաբե­րու­թյան թե համակողմանի ապահովման ոլորտներում:

Ամրա­գրենք, որ այսպիսի հաղթական ավանդույթ­ներ, այսպիսի հերոսական ժառանգություն ունեցող և այդքան նվիրյալների արյունից ծնված բանակը անպայման հաջողելու է:

Եվ ամրագրենք, որ այդպիսի համախմբված և միակամ ժողովուրդ, զորահավա­քային այսպիսի պատ­վար ունեցող բանակը անպայման հաջողելու է:

Մեր ապագայի տեսլականի մասին շատ ենք զրուցել, քննարկել շատերիդ հետ: Այսօր, քան երբևէ, առկա են այդ տեսլականը իրականություն դարձնելու բոլոր նախադրյալները: Մենք գիտե՛նք մեր աշխարհագ­րու­թյունը, գիտե՛նք մեր հարևաններին, մեր բարեկամներին ու հակառակորդներին, գիտե՛նք նաև մեզ և գիտե՛նք, թե ինչ ենք շարադրելու մեր պատմության մատյանում, ու վստահեցնում եմ, որ այդ էջերը գրվելու են այնպես, որ խմբագրման կարիք երբևէ չունենան:

Ավելի քան վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և անպայման հաջողելու ենք, եթե պահպանենք զգոնությունը և ժամանակ չկորց­նենք, այլ աշխատենք օրնիբուն:
Հայտնի միտք կա` «Պատերազ­մում ժամանակը հաշվարկ­վում է վայրկյաններով», իսկ մեր իրավիճակը ոչ մի կերպ «խաղաղ» չես անվանի:

Շնորհավորելով բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ ուզում եմ հատ­կա­պես ողջունել պարգևատրվածներին ու նշել նաև, որ այս օրերին հանձնվող բոլոր՝ թե՛ պետա­կան, թե՛ գերա­տես­չական պարգևները ՀՀ զինված ուժե­րի զարգաց­մանը ա­վանդ բերած զինծա­ռայող­ներին ու անհատներին, Հայ­րե­նիքի սահման­ների պաշտպանության մարտերում աչքի ընկած մարտիկներին ՀՀ ռազմաքաղա­քա­կան ղեկավարության գնահ­ա­­տա­կանն են, բայց կար­ծում եմ, որ այդ պարգև­ները պիտի ընկալվեն որպես առաջին հերթին ժողովրդի կողմից շնորհված, որովհետև դա է բոլորիս աշխատանքի ամենակարևոր ու բարձր գնահատականը:

Սիրելի՛ հյուրեր

Մեր նշանաբանն է` «Անել առավել, քան».

առավե՛լ, քան պահանջված է,

առավե՛լ, քան ընդունված է,

առավե՛լ, քան պատկերացնում ենք,

առավե՛լ, քան ունենք,

Եվ առավե՛լ, քան կարող ենք:

Եվ այսպիսով՝ ծառայում ենք ժողովրդին և անում ենք  ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…

 

Շնորհակալ եմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031