«Դվին» հյուրանոցում այսօր կազմակերպված՝ ՀՀ բանակի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաներ։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը միայն շնորհավորանք հղեց զինծառայողներին եւ շտապեց հեռանալ` լրագրողների հարցերը թողնելով անպատասխան։
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նույն մեղադրանքով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երեւում են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան զինվորականներ, ներկա եւ նախկին պատգամավորներ, ՀՀԿ-ի իշխանության նախկին ներկայացուցիչներ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ այլք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ