2018 թվականի հունվար-նոյեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հացի արտադրությունը 2.4 տոկսոով նվազել է, ալյուրի արտադրությունը՝ 20.6 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշերից:
Հացի արտադրության ծավալների նվազումը, որոշ լրատվամիջոցներ պայմանավորել են բնակչության թվաքանակի նվազմամբ: Մինչդեռ, վիճակագրական կոմիտեն առայժմ չի հրապարակել 2018 թվականի Հայաստանի հանրապետության բնակչության թվաքանակի մասին ցուցանիշները: Թեեւ, բնակչության նվազումը կարող է հացի արտադրության ծավալների նվազման պատճառ լինել, նույն կերպ դրա պատճառ կարող է լինել նաեւ հացի արտադրամասերի փակվելը եւ այլ պատճառներ:
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում հացի արտադրության ծավալների նվազման մասին ասաց. «Հացի արտադրության ծավալների վիճակագրությունն ուսումնասիրելիս, պարզ է դառնում՝ 2012 թվականից սկսած ծավալների նվազման միտում է գրանցվում: 2012 թվականի հունվար-նոյեմբերին հացի արտադրության ծավալը եղել է 272 հազար տոննա, 2018-ին հունվար-նոյեմբերին եղել է 243 հազար տոննա (2017-ին եղել է 249 հազար տոննա Ն.Բ.): 2018-ը 2012 թվականի համեմատ մոտ 11 տոկոսանոց անկում է գրանցվել, տարեկան միջինը 2 տոկոս»:
Նկատենք՝ 2014 թվականի հունվար-նոյեմբերին հացի արտադրության ծավալները 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել էին 1.5 տոկոսով:
«Այս պահին պատճառահետեւանքային կապի խորքային ուսումնասիրություն չկա: Սովորաբար՝ նման նվազումը կարող է պայմանավորված լինել երեք գործոնով՝ բնակչության թվաքանակի նվազում, բնակչության սննդակարգի փոփոխություններով, եւ գների աճը»,-ասաց Մանուկյանը: Սակայն նշված երեք գործոններից ո՞րն է գերակշռում, դժվար է ասել: Մանուկյանը նկատեց՝ «Նման երկարաժամկետ միտումը, ցավոք, չի արժանացել մասնագիտական հանրության ուշադրությանը, ու պարզ չէ, թե իմ նշած երեք գործոններից որով է դա առավելապես պայմանավորված»:
Նշենք, ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական կոմիտեի, սննդամթերքի արտադրության ծավալները համեմատելի ժամանակաշրջանում՝ 2018-2017- ի հունվար-նոյեմբերին, աճել են 9.4 տոկոսով: Հրուշակեղենի արտադրությունը 28.8 տոկոսով է աճել, մակարոնեղենի արտադրությունը՝ 55.3 տոկոսով:
Շաքարավազի արտադրությունն աճել է 19.2 տոկոսով: Մսի արտադրությունը՝ (ներառյալ գյուղացիական տնտեսությունների արտադրածը՝ բացառությամբ ներքին սպառումից) 0.2 տոկոսով է աճել: Սակայն մսամթերքի ծավալները, ներառյալ երշիկեղենը՝ 20.8 տոկոսով են աճել, մսի կիսապատրաստուկների արտադրությունը 62.1 տոկոս է աճել: Այս տեսակի մսամթերքների արտադրության մեջ հնարավոր է ներկրված մսեղեն են օգտագործում, ուստի տարօրինակ չէ, որ մսի արտադրության ծավալների փոքր աճի դեպքում, մսի հումքով այլ ապրանքների արտադրության ծավալն ավելացել է:
Կաթի արտադրությունը նվազել է 7.9 տոկոսով, սակայն պանրի արտադրության ծավալներն աճել են 10.1 տոկոսով, մածունը՝ 21.6 տոկոսով աճ, թթվասեր՝ 2.6 տոկսով աճ, կաթնաշոռ՝ 65.3 տոկոս աճ, պաղպաղակ՝ 25.2 տոկոս աճ: Բուսական յուղի արտադրության ծավալները համեմատելի ժամանակաշրջանում նվազել է 40.2 տոկոսով, իսկ կենդանական յուղի արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ