Այսօր Երեւանի մի շարք մեծ ու փոքր խանութներում բանանի մեկ կիլոգրամ մանրածախ գինը 700-750 դրամ էր՝ ինչպես որ նախկինում էր: Վերջին մի քանի ամսվա համեմատությամբ բանանն այս օրերին 200-350 դրամով թանկացել է: Aravot.am-ը շրջայց կատարեց մայրաքաղաքի մանր ու միջին խանութներում, սուպերմարքեթներում՝ պարզելու՝ որքան է թանկացել բանանը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեցին խանութների մենեջերներն ու վաճառողները, բանանը թանկացել է, քանի որ հանրապետություն ներկրվող բանանի նոր խմբաքանակը ձեռք են բերել բարձր գնով, հետեւաբար՝ նախորդ ամիսների համեմատությամբ, բանանն ավելի թանկ է վաճառվելու: Բանանի շուկայում մենաշնորհը վերացնելուց հետո, որը տեղի ունեցավ դեռեւս նախորդ կառավարության օրոք, մեկ կիլոգրամ բանանը կարելի էր գնել 550-650 դրամով: Վերջին մի քանի ամիսներին բանանի գինն ավելի էր նվազել. բանանը վաճառվում էր 450-500 դրամով:
Բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանը բանանի թանկացումը պայմանավորեց ձմռան ամիսներին այս ապրանքատեսակի պահանջարկի մեծացմամբ:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Միրաքյանն ասաց, որ բանանի գինն ամբողջ աշխարհում է բարձրացել. «Ձմռանն ամբողջ աշխարհում բանանի գինը բարձրանում է: Ամանորից սկսած՝ բանանը սկսում է թանկանալ, քանի որ ձմռանը բանանի պահանջարկը մեծանում է, պահանջարկի եւ առաջարկի տրամաբանական սանդղակն է, ըստ դրա թանկանում է: Բնական գործընթաց է: Այնպես չէ, որ միայն մեր երկրում է, Վրաստանում էլ է թանկ: Այս օրերին այնտեղ էլ վաճառվում է մեկ կիլոգրամը 650-700 դրամի սահմաններում»:
Վահրամ Միրաքյանը վստահեցրեց, որ մայիսի վերջից սկսած՝ բանանի գինը կնվազի:
Մեր հարցին, թե բանանի ներկրման հետ կապված որեւէ խոչընդոտ նկատո՞ւմ է սահմանին կամ կա՞ն խոշոր ներկրողներ, որոնք շուկայում գին են թելադրում՝ ինչպես նախկինում էր, պարոն Միրաքյանը պատասխանեց, որպես այս բիզնեսում ներգրավված գործարար, նման խնդիրների չի հանդիպել: Նրա խոսքով, 2016 թվականից սկսած բանանի ներկրման հետ կապված խոչընդոտներ սահմանին չկան, սակայն մինչ մաքսային ոլորտի որոշ պաշտոնյաների ձերբակալությունները, որոնք տեղի ունեցան վերջին շրջանում, այդ թվում եւ բանանը կոռուպցիոն ճանապարհով էին ներկրում Հայաստան. «Մի շրջան խնդիր կար, որ սահմանն անցկացնում էին առանց մաքսերը վճարելու: Ինքնարժեքը նստած էր X ·գումար, իրենք բերում էին X -1000 դրամ ու վաճառում էին: Այդ դեպքում, ոչ մի կերպ հնարավոր չէր մրցակցել»:
Իսկ թե ինչպես է բանանի գինը ձեւավորվում միջազգային շուկայում եւ ինչո՞ւ է բանանը Էկվադորից հասնելով Հայաստան ավելի էժան լինում քան, ասենք, տեղական խնձորը՝ դիտեք տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ