Գյումրիում Հայոց բանակի տոնը նշվեց բավական համեստ ու որքան էլ զարմանալի է՝ առանց մարզի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության։
Շիրակի նախկին մարզպետ, Ազգային ժողովի այժմյան պատգամավոր Կարեն Սարուխանյանի, մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանի ու Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաները, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, զինվորականներ այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն՝ հերոսների շիրիմին ծաղկեպսակներ խոնարհելով։
Այնուհետ տոնը շարունակվեց Շիրակի կայազորում կամ որ գյումրեցիներին ավելի հայտնի է «Դատոյի զորամասում», որտեղ հնչեցին շնորհավորանքներ, հանձնվեցին պարգևներ, իսկ վերջում զինվորական նվագախումբը հանդես եկավ համերգով։
«Շիրակ» գերեզմանատանն ապրիլյան քառօրյային Թալիշում զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի մայրը՝ տիկին Անահիտն, իր խնդրանքը ուղղեց ներկայիս իշխանություններին․
«Հրաչիս հուշերով ապրում ենք, շատ դժվար է, չէի ուզի հուշերով ապրել․․․ Հայոց բանակին խաղաղություն եմ մաղթում ու մեր իշխանություններին խնդրում՝ մեր սպաներին գնահատեք կենդանության ժամանակ, ոչ թե մահից հետո․ ամենադժվար գործը մեր սպաներին է, որ կրթում են զինվորներին»։
Մեծ թվով զինծառայողների հուշամեդալներ հանձնվեցին Հայոց բանակի կայացման գործում ցուցաբերած ավանդի համար, Գյումրու քաղաքապետարանն էլ, հուշամեդալներից զատ, սառնարան ու գունավոր տպիչ նվիրեց երկու զորամասերի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ