«Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում»,-ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ, «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի՝ հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահանալու փաստին, այսպիսի պարզաբանում է ներկայացրել:
Նախարարի վստահեցմամբ՝ ՔԿՀ-ի ու նրա անձնակազմի գործողություններից ու վերաբերմունքից բավարարված են եղել նաև Մհերի ընտանիքի անդամներն ու նրա փաստաբանը:
Aravot.am-ը իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց՝ նախարարի պարզաբանումը համոզի՞չ է, նա պատասխանեց. «Ես դեռ չեմ տեսել որևէ պաշտոնյա, համենայն դեպս ՀՀ իրականության մեջ, որ ինչ-որ տեղ ընդունի իր գերատեսչության սխալները և խոստանա այդ սխալներն ուղղել և գոնե ծառայողական քննություն անցկացնել և տեսնել՝ մեղավորներն ովքեր են: Այդ բացատրություններն ինձ անձամբ չեն բավարարում, քանի որ այն, որ այդ անձնավորությունն առողջ մտել է ազատազրկման վայր, և այնտեղից դիակն են հանել, դա արդեն նշանակում է, որ քրեակատարողական վարչության աշխատողների մեղքն է. ուրիշ բացատրություն ինձ չի հետաքրքրում»:
Այնուհետև Ավետիք Իշխանյանը նշեց. «Փաստորեն, ես չեմ իմացել և հանրության բավական լայն շերտերը չեն իմացել, որ լրագրողը ձերբակալվել է և հացադուլ հայտարարել: Պարզվում է՝ խափանման միջոցը գրավով փոխելու հարցն է դրված եղել, դատարանը մերժել է»:
Ավետիք Իշխանյանը հարցրեց՝ արդյոք հանրությունն էլ մեղավոր չէ՞ր Մհեր Եղիազարյանի մահվան մեջ՝ դատարանների նկատմամբ ճնշման առումով ու մանրամասնեց. «Հարց եմ ուզում բարձրացնել՝ արդյոք դա կապ չունի՞ ընդհանուր հասարակական մտածողության և հասարակական կարծիքի ու ճնշման հետ` դատարանների նկատմամբ: Մի րոպե պատկերացնենք, որ դատարանը խափանման միջոցը փոխեր և գրավ կիրառեր: Արդյոք մեր չակերտավոր առաջադիմական քաղհասարկությունը և հասարակությունը չէի՞ն սկսի ասել, որ այս դատավորը ծախված է, նախկին ռեժիմի ներկայացուցիչն է և դրա համար է նա ազատում նախկին ռեժիմի ներկայացուցչին: Կարծում եմ ՝ շատ հավանական է, որ եթե նույնիսկ դատարանը ցուցմունք չի ստացվել վերևներից, որ Մհեր Եղիազարյանի խափանման միջոցը չփոխի, վախենալով հասարակական ճնշումից՝ շառից հեռու խափանման միջոցը թողել է նույնը՝ կալանքը: Դա իմ ենթադրությունն է և այսօրվա մեր իրականությունը: Ես ենթադրություններ եմ անում, ինչը շատ հավանական է, որ այդպես էլ եղած լինի»:
Մեր այն հիշեցմանը՝ Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ անձի կալանավորման պատճառների ու հիմքերի հետ արդարադատության նախարարությունն առնչություն չունի, Ավետիք Իշխանյանն արձագանքեց՝ նշելով, թե Արտակ Զեյնալյանն այս հարցում միանգամայն ճիշտ է. «Բայց արդարադատության նախարարությունը, նրա ենթակայության տակ եղած քրեակատարողական վարչությունը և հիմնարկը կարող էին ելնելով հացադուլի մեջ գտնվելու վիճակից՝ այդ անձին տեղափոխել, օրինակ՝ քաղաքացիական հիվանդանոց»:
Հիշեցրինք՝ Արտակ Զեյլանյանն արձանագրում է, որ Մհեր Եղիազարյանը, հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի, այսինքն՝ դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր, Ավետիք Իշխանյանն այս առիթով ասաց, «Եթե հացադուլի մեջ էր, և այն, ըստ լրատվության, շարունակվում էր 43 օր, բնական է, որ օրինակ, 20-րդ օրը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Իսկ մեր քրեակատարողական հիմնարկները հնարավորություն չունեն այդպիսի ծանր, հյուծված վիճակում գտնվող մարդուն և մասնագետների և սարքավորումների առումով հետևել: Ուստի կարծում եմ՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը արդարադատության նախարարության հետ համատեղ պետք է որոշում կայացնեին նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց պատշաճ հսկողության համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
որոշ հանրութեան մը համար, այդտեղ, այս մարդուն մահը լրիւ աննշան, անկարեւոր բան մըն է… այսօր հաւանաբար արդէն մոռցած են իսկ այդ նիւթը…