«Կառավարության նոր կառուցվածքը վարչապետի եւ կառավարության գործն է: Վարչապետը մտածում է, որ կառավարությունն ավելի արդյունավետ պետք է լինի: Եթե ինձանից խորհուրդ հարցնեն, կտամ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ կառավարության կառուցվածքի օպտիմալացման նախագծին, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ այդ հարցում անձնական մոտեցումներ ունի, բայց մեկ այլ բան է հստակ. «Լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլ ըստ էության: Պետք է գիտակցենք, որ, օրինակ, բանակը կարիք է ունենալու ավելի թանկ տեխնոլոգիաների, որոնց մի մասը ստեղծելու հնարավորություն ունենք: Խոսքը ոչ միայն դրսից զենք չգնելու, այլեւ վաճառելու մասին է: Աշխարհից պետք է սովորել լավագույն օրինակները: Դա հնարավոր է»:
Ապա նախագահը շեշտեց ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման կարեւորությունը: Մեկնաբանելով կարծիքները, թե ՀՀ-ի՝ ժամանակակից ռազմարդյունաբերություն ունենալու պարագայում գերտերությունները կխոչընդոտեն վերջինիս գործունեությանը, Արմեն Սարգսյանն ընդգծեց. «Չեմ կարծում, որ գերտերությունները խնդիր են դրել, որպեսզի ՀՀ-ում նոր տեխնոլոգիաներ չարտադրվեն: Դա սխալ մոտեցում է: Այդպես չէ: Եթե մենք որեւէ արժեքավոր գաղափար ունենանք, հավաստիացնում եմ՝ մեծ տերությունները մեզանից կգնեն, ոչ թե կարգելակեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ