Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունների հայտարարությունը դատարանների անկախության մասին դատավորներն ընկալել են որպես կամայականություն դրսևորելու և իրենց հարմար վճիռներ կայացնելու իրավասություն

Հունվար 28,2019 15:37
datavor

Որ նորանկախ Հայաստանի ձևավորումից մինչև թավշյա հեղափոխություն ընկած ժամանակահատվածում դատարաններն անկախություն չեն ունեցել և համակարգված ձևով գործել են որպես գործող իշխանությունների կցորդ ու կամակատար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Վերջին մոտ 25-30 տարիների ընթացքում Հայաստանի բացառապես բոլոր ատյանների դատարաններն աշխատում էին զուտ վերևներից եկող հրամաններով ու հրահանգներով, գործում էր չգրված հստակ համակարգ, որտեղ ամեն ինչ կար, բացի օրենքի հստակ կիրառումից:

Իսկ այն, ինչ կատարվեց թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո և ինչ կատարվում է այսօր, ուղղակի անհասկանալի է: Հեղափոխությանն անմիջապես հաջորդող ժամանակահատվածում դատարանները հայտնվեցին շոկային վիճակում և չէին կողմնորոշվում, թե ինչպես շարունակեն իրենց աշխատանքները: Բնական է, որ այդ ռեժիմով աշխատած դատարանների՝ հատկապես դատավորների համար բացարձակ անսովոր և անհասկանալի էր, թե ինչպես պետք է առանց հրահանգների աշխատեն:

Փաստացի ստեղծվեց մի իրավիճակ, որ դատավորները հին ձևով չէին կարող աշխատել և իրենց անկախ վիճակն այնքան անհավատալի ու անհասկանալի էր, որ չգիտեին թե նոր պայմաններում ինչպես շարունակեն հետագա աշխատանքները: Ժամանակը հոսում էր, իսկ դատարանների ու դատավորների մոլորությունը մնում էր և նրանք չէին կարողանում կոնկրետ դիրքորոշում ձևավորել; Ստեղծված իրավիճակում նրանց մնում էր երկու ճանապարհ. կամ պետք է հստակ առաջնորդվեին օրենքի տառին համապատասխան, կամ վերևից եկող հրահանգների բացակայության պարագայում սկսեին իրենք իրենց հրահանգներ տալ ու առաջնորդվել պահի ցանկություններով, հարմարություններով ու մի քիչ էլ խղճով, կամ էլ պետք է ընտրեին խառը ճանապարհը` որոշ չափով առաջնորդվեին օրենքով, որոշ չափով էլ իրենց հարմարությամբ, քանզի իրականում նրանք պատասխանատվություն են կրում միայն օրենքի առաջ:

10. 20, 30 տարի անկախությունից զուրկ դատավորները, ովքեր մշտապես աշխատել էին իշխանական մամլիչի ճնշումների տակ, իշխանափոխությունից հետո փաստացի ստացան անկախ կարգավիճակ, որը մինչ այսօր նրանց երազ է թվում և դատավորները ոչ թե օրենքին համապատասխան, այլ անհասկանալի, կամայական ու նույնիսկ շատ հաճախ առանց քաղաքացիներին՝ որպես պատասխանողի ծանուցելու, նրանց շահերը ոտնահարող շատ արագ վճիռներ են կայացնում, միաժամանակ տարբեր ատյաններում և ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ չդադարելով բարձրաձայնել, որ դատական գործերը շատ-շատ են, իրենք չեն հասցնում դրանք նորմալ ժամկետներում լսել ու դրանք պարբերաբար ձգձգվում են:

Եթե հայցադիմումների բազմապիսի շերտից առանձնացնենք ու մասնավորապես դիտարկենք միայն բանկերի և ՈՒՎԿ-ների՝ վարկառուներից բռնագանձումներ կատարելու կտրվածքով առկա հայցերի ենթաշերտը, որը քանակական կտրվածքով այսօր ամենամեծն է, ապա մի զարմանալի օրինաչափություն կնկատենք: Նախքան նշված հայցերի մասով վերջնական վճիռների կայացումը, դատավորները հիմնականում կայծակնային արագությամբ հայցերի ապահովման միջոցներ են կիրառում՝ քաղաքացիների բանկային հաշիվների վրա արգելանք դնելով ու նույն արագությամբ դրանք ներկայացնում ԴԱՀԿ և նրանց զրկում աշխատավարձ, նպաստ ու նմանատիպ այլ գումարները ստանալու իրավունքից, քաղաքացիներին բոլոր ոլորտներում ուղղակիորեն դնելով անելանելի իրավիճակի մեջ:

Փաստացի, ինչպես նախկինում էր, այնպես էլ այժմ, եթե հայցեր ներկայացնողները բանկերն են, հարկային կամ նմանատիպ այլ մարմիններ ու իրավաբանական անձինք, ապա դատավորները շտապ՝ 1-2 օրվա ընթացքում հայցի ապահովման միջոց են կիրառում, քաղաքացիներին զրկելով ընդհուպ հաց ու դեղ գնելու իրավունքից: Անմեղության որևէ կանխավարկած չխախտելու համար նշենք, որ նման մոտեցումը ոչ թե հիմնականում պայմանավորված է դատավորների նյութական շահագրգռվածությամբ, այլև քաղաքացիների ճակատագրի նկատմամբ նրանց անտարբերությամբ, քանզի դատավորներն ստանում են բավականին բարձր աշխատավարձ, չունեն գոյություն պաշտպանելու համար վերցրած, առավել ևս ժամկետանց վարկեր ու ինչպես ասում են, կուշտն ինչ գիտի սովածի ղադրը, որի պատճառով հեշտությամբ կայացնում են նմանատիպ վճիռներ:

Ցավոք, նրանք ոչ մի կերպ չեն զգոնանում և նոր իրավիճակում այնքան են շփոթվել, որ կարծես բավական չէ, որ իրենց տրված անկախությունն ու ազատությունը չեն ծառայեցնում քաղաքացու շահի և օրենքի տառի պահպանմանը, դեռ մի բան էլ ավելին, այդ ամենը անխղճաբար կիրառում են քաղաքացու շահերի կոպիտ ոտնահարման ուղղությամբ և արդյունքում նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում ու մնում են լրիվ անպատիժ: Հասկացանք, որ հատկապես հեղափոխությունից հետո դատարաններին անկախություն տալուն այլընտրանք չկար, սակայն այս պարագայում բացարձակ անվերահսկելի են դարձել դատավորները և բնական հարց է առաջանում. միթե գոյություն չունեն պատկան մարմիններ, որոնք վերահսկեն ու անհրաժեշտության դեպքում պատժեն նման գործելակերպ որդեգրած դատավորներին՝ հանուն քաղաքացու շահի: Գրոշ չարժե դատարանների և դատավորների այնպիսի անկախությունը, որը քաղաքացուն զրկում է իր քրտինքով վաստակած աշխատավարձի ստացումից, որով նա գոնե կփորձեր լուծել իր հանապազօրյա հացի խնդիրը:

Մոտ 30 տարի հազար ու մի հարթակներից, ԶԼՄ-ներով մշտապես խոսվում է դատարանների անկախության կարևորության մասին՝ որպես ժողովրդավարության արգասիք, սակայն մյուս կողմից ավելորդ է խոսել իրական ժողովրդավարության մասին, եթե այդ անկախությունը չի ծառայում քաղաքացու շահերին: Հակասական վիճակ է ստեղծվել, քանզի այսօր դատարանների անկախությունը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ դատավորներին՝ զուտ իրենց հարմար վճիռներ կայացնելու համար: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ նման դեպքերում հայցի ապահովման միջոցի վճիռ պետք է կայացվի մի դեպքում միայն, եթե այլ ճանապարհ չկա՝ տվյալ հայցի շրջանակներում վերջնական և արդարացի վճիռ կայացնելու համար: Եթե որևէ բանկ դիմել է դատարան վարկառուի վրա բռնագանձում տարածելու վճիռ կայացնելու համար, իսկ դատավորը մինչև վերջնական վճռի արձակումը հայցի ապահովման միջոց կիրառելու վճիռ կայացնելով արգելանք է դնում վարկառուի հաշիվների վրա, թեկուզ ժամանակավորապես նրան զրկելով աշխատավարձից և այլ եկամուտներից, ապա միևնույն է այդ գումարը չի ուղղվում վարկի մարմանը, այլ ընդամենը սառեցված մնում է վարկառուի հաշվի վրա, այնպես որ արդյունքում վարկի թեկուզ մասնակի մարում տեղի չի ունենում:

Այլ խոսքով, դատարանը քաղաքացիների նկատմամբ կիրառում է հետևյալ սկզբունքը. ոչ բանկին, ոչ քեզ և համարում են, որ վարկառուն նման վճռից կվախենա, կզգոնանա ու աշխարհում ունեցած իր բոլոր կապերը պարտադրված կօգտագործի բանկի վարկը մարելու համար: Եթե խոսք գնար քրեական գործերի մասին, որտեղ շատ հաճախ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, որպեսզի մեղադրյալը հնարավորություն չունենա խուսափել հետագա քննությունից և խոչընդոտել գործի ընթացքին, ապա դա ինչ-որ իմաստով հասկանալի է, սակայն վերը նշված քաղաքացիական գործերի պարագայում վարկառուն ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել գործի հետագա ընթացքը, հետևաբար շատ բնական հարց է առաջանում, որն է հայցի ապահովման միջոցի շտապ կիրառման անհրաժեշտությունը, որն առանց այն էլ նյութական և հոգեբանական ծանր վիճակներում գտնվող վարկառուներին գցում է ԴԱՀԿ-ի և դատարանների դռները, որտեղից փրկվելու ճանապարհը չափազանց ժամանակատար և մարդկանց հոգեկանը իսպառ ոչնչացնող գործընթաց է: Նման դատավորների կողմից վերը նշված վճիռները չափազանց հապճեպ կայացնելու հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որը չափազանց նման է հանրահայտ ասացվածքին. մի հիմար քարը գցում է փոսը և հազար խելոք չեն կարողանում այն հանել:

Հարգարժան դատավորներ, բոլոր վարկառուների անունից դիմում ենք ձեզ, որպեսզի վերջ դնեք վարկառուների նկատմամբ հայցի ապահովման միջոցի կիրառման պրակտիկային, քանզի այդ վարկառուներն արդեն հայտնվել են չափազանց խոցելի վիճակում և ձեր կողմից կայացվելիք անխիղճ վճիռների հերթական հարվածի կարիքը բնավ չունեն: Աշխատեք միշտ հիշել, որ Դուք ևս վճարվում եք նույն վարկառուների կողմից վճարվող հարկերի գումարներից, այնպես որ շնորհակալության փոխարեն մի փորձեք հանիրավի՝ լրացուցիչ հարվածել նրանց, քանզի նրանք արդեն ճակատագրի հարվածների կրակահերթի տակ են:

Իհարկե, բնավ լավ օրից չէ, որ համարյա ողջ հայ ժողովուրդն այսօր ճկռել է վարկերի տակ, այնպես որ այստեղ խոսք է գնում շահառուների մի մեծ բանակի՝ հայ ժողովրդի մասին, հետևաբար զոհասեղանին ազգային անվտանգության խնդիր է դրված և որքան էլ որ հրաշալի է, որ գործադիրի կողմից չեն միջամտում ու չեն խառնվում դատարանների անկախ գործելաոճին, այնուամենայնիվ չպետք է թույլ տալ, որ դա բերի մի վիճակի, որ դատավորները վճիռները կայացնեն ըստ իրենց քմահաճույքի, քանզի դա դույզն անգամ աղերս չունի դատարանների անկախության հետ: Այս իրավիճակը գոյացել է զուտ այն պատճառով, որ առանց օրենսդրական դաշտի համապատասխան բարեփոխումների, որտեղ չափազանց մեծ դեր պետք է ունենար նաև դատարանների գործունեության նկատմամբ համապատասխան վերահսկողության մեխանիզմների առկայությունը, որը ցավոք բացակայում է և ավելին, ընդամենը ուղղակիորեն բանավոր բարձրաձայնվել ու դատարաններին տրվել է անկախ կարգավիճակ, որն էլ դատավորներն ընկալել են հետևյալ կերպ. իրենք ազատ ու անկախ են ու ինչ վճիռ հարմար են գտնում, դա էլ կընդունեն: Բնական է, որ նշված մեխանիզմների բացակայության պարագայում դատավորները կարող են գործել այնպես, ինչպես ուզում են, որն էլ և անում են: Մի խոսքով, ամեն ինչ թողնվել է դատավորների խղճին ու օրինապաշտությանը, որը շատերի մոտ չի աշխատում…

Հույս ունենք, որ արդար ճանապարհով ընտրված նոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կկարևորի ասվածը և արագ միջոցներ կձեռնարկի ստեղծված վիճակը շտկելու համար…

 

Անանիա Մաղաքյան

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031