Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախյան կողմը եւ համայն հայությունը պատրաստ չէ որեւէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց». Վիտալի Բալասանյան

Հունվար 28,2019 15:29

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում խոսելով Արցախի հարցի կարգավորման ու բանակցությունների մասին, ասաց, որ տարածքների դիմաց կարգավիճակի հարցին միանգամից ասում են՝ ոչ. «Բանակցությունները ցույց կտան, բայց արցախյան կողմը եւ համայն հայությունը պատրաստ չէ որեւէ տարածքային զիջման ինչ-որ բանի դիմաց: Մենք ժամանակին ինչ-որ զիջումներ արել ենք, 91-ին արել ենք, Հայաստանն է այդ զիջումներն արել: Մենք ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը պաշտպանել, պահպանել ենք, երբ Ադրբեջանի վիճակը ծանր էր, ՄԱԿ-ում բանաձեւեր էին ընդունում, մենք ձեռնպահ էինք մնում: Իսկ Ադրբեջանը վերադասավորում էր զինտեխնիկան, բերում էր, սկսում էին հարձակողական օպերացիան: Մենք 4 անգամ զիջել ենք: Մենք 94-ի մայիսի 12-ին զիջել ենք, նրանք, ովքեր պետական պաշտոն են զբաղեցնում ու ասում են, թե 94-ին մենք թույլ ենք եղել, ամոթ իրենց, մենք թույլ չենք եղել, մենք թույլ ենք եղել սկզբնական շրջանում, երբ արդեն Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը բացել ենք, մենք եղել ենք ամենահզորը տարածաշրջանում, թույլ չենք եղել: Ադրբեջանին մենք զիջել ենք, մենք ադրբեջանցի զինվոր չէինք տեսնում, մենք չե՞նք զիջել 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմը պատրաստվում էր հակահարձակողական օպերացիա անի ու Ադրբեջանը չգիտես ինչ վիճակում էր, էդ զիջում չէ՞ր, ի՞նչ էր զիջել Ադրբեջանը»:

Հարցի կարգավորմանն անդրադառնալով՝ Բալասանյանն ասաց. «Արցախի հանրապետությունն ունի Սահմանադրություն, ունի տարածքներ, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, այնտեղ ապրում է բնակչություն ու Արցախի հանրապետությունը մեր ժողովրդի, համայն հայության սեփականությունն է: Արցախի հարցը լուծվելու է համայն հայության եւ մեր ժողովրդի կողմից ու որեւէ մեկը, կապ չունի ով է դա ասողը, կամ բանակցողը, որեւէ մեկն իրավունք չունի բանակցել, խոսել: Կարող են միջնորդել, երաշխավորել Արցախի անվտանգության համար, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ որեւէ մեկին թույլ չի տրվելու»:

Մեր հարցին՝ այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ Բալասանյանը պատասխանեց՝ միանշանակ:

Դիտարկմանը, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի օրոք դուրս մնաց բանակցային սեղանից՝ Բալասանյանը պատասխանեց, որ ժամանակները փոխվել են. «Աշխարհի գեոպոլիտիկան փոխվել է, առաջին դեմքերը փոխվել են, աշխարհի երիտասարդությունը, երբ 91-ին մի հատ կամերա չունեինք մեկ զինվոր նկարեինք, հիմա հարյուրավոր կան, փոխվում է աշխարհը»:

Ադրբեջանի մասին խոսելով՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Պետք է մի հատ հստակ էքսկուրս անեն, տեսնեն՝ քաղաքական քարտեզի վրա ե՞րբ է հայտնվել Ադրբեջանը ի՞նչ տարածքի վրա, ի՞նչ սահմաններով, ի՞նչ փաստաթղթերով, ո՞ր երկրի, ո՞ր միջազգային կառույցների կողմից է ճանաչվել այդ հանրապետությունը, նոր թող խոսեն տարածքային ամբողջականության մասին: Երբ Խորհրդային միությունը նորից վերականգնի իր սահմանները, չի բացառվում, որ ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը որեւէ երկիր չի ճանաչելու: Եթե ԽՍՀՄ-ը կվերականգնվի, աշխարհը կորոշի, այն ժամանակ մենք կմտածենք: Տարածքային ամբողջականության մասին խոսելը աբսուրդ, ծիծաղելի բան է: Բոլոր այն պետությունները, որոնք այսօր հայտնված են քաղաքական քարտեզի վրա իրենց պետական սահմաններով, բոլորը պատերազմի արդյունքում գծված պետական սահմաններն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031