Այսօր Եռաբլուրում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը նոր օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկվում է, որ մինչեւ 2018-ի դեկտեմբերը բանակից խուսափած 27 տարին լրացած հետախուզման մեջ գտնվողներին հնարավորություն տան գումար մուծել ու ազատվել հետախուզումից:
Մարուքյանի խոսքով՝ «Հարյուրավոր մարդիկ այս օրերին սպասում են այդ օրենքի ընդունմանը, որ կարողանան վերադառնան հայրենիք: Վերջին փոփոխություններով գումարը բարձրացավ, 1,8 մլն-ը դարձավ 3 մլն 600 հազար դրամ: Այս առումով մի կողմից ասվում է, որ չի կարելի, մյուս կողմից պետք է հնարավորություն տալ 27 տարեկաններին, ովքեր դրսում են, գալ Հայաստան»:
Մեր հարցին՝ դա վատ ազդակ չէ՞ նոր զորակոչիկների համար, որովհետեւ նրանք էլ կմտածեն, որ չծառայեն, արտագաղթեն, հետո փող կաշխատեն, կբերեն կմուծեն ու կազատվեն՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում ով 18 տարեկան է, մտածում է փախնի, 9 տարի փախած մնա, հետո գա վճարի ու ապրի: Դա նույնն է, երբ ասում էին՝ Եհովայի վկաներին այլընտրանքային ծառայություն թույլ տանք՝ բոլորը կդառնան Եհովայի վկա: Տեսա՞ք, որ բոլորը չդարձան: Մարդիկ, որոնք որոշակի հանգամանքներից ելնելով, երեխա հասակում, ասենք, ծնողները տարել են Հայաստանից դուրս, բուհ են ընդունվել, սովորել են, 27-ը լրացել է, պարզվում է, որ հետախուզման մեջ լինելով արտերկրում՝ իր պարտքը չի տվել հայրենիքի առջեւ, բայց հիմա հնարավորություն ստեղծենք գան ու պահեստազորում հաշվառվեն: Վերջին հաշվով՝ հետ եկած մարդիկ դառնում են պահեստազորի զինվորներ ու, Աստված մի արասցե, պատերազմական պայմաններում բոլորը ամրակցված զենքը վերցնելու են ու գնան կռվեն: Հիմա այդ մարդկանց ասենք՝ չէ, դուք փախած մնացեք, մեր պահեստազորն էլ մի՞ համալրեք»:
Երբ հիշեցրինք, որ նախորդ անգամ այդ օրենքում փոփոխություններ անելիս պայմանավորվեցին եւ օրենքում ամրագրեցին, որ այլեւս երբեք հնարավորություն չեն տալու դասալիքներին փող մուծել ու գալ Հայաստան՝ Մարուքյանը պատասխանեց, որ դա ՀՀԿ-ի պայմանավորվածությունն է եղել, իրենցը չի եղել ու օրենքում էլ ինչ գրել են՝ փոփոխման ենթակա է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մարուքյանի հետ լրիվ համաձայն եմ:Իրոք կան տղաներ որ ծնողների հետ գնացել են Փոքր տարիքում հիմա սովորում են , բայց ավարտելուց հետո ուզում են գալ հայրենիք.բայց եթե պիտի դատեն պարզ չի որ չեն վերադառնա: