Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր ու ԱԺ-ում քննարկվում էր բանակի համար 1000 դրամ վճարելու նախագիծը, ասել էր, որ սա տուգանք է մեզ բոլորիս նրա համար, որ այս տարիներին չենք կարողացել արդյունավետ պետություն ու իշխանություն ձեւավորել:
Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ հիմա իշխանությունը փոխվել է ու եթե ավելի արդյունավետ է, հնարավո՞ր է այդ 1000 դրամների «տուգանքը» հանվի: Նա պատասխանեց. «Այո, եղել է այդ քննադատությունը, որ մենք հասել ենք նրան, որ ստիպված ենք նման սիմվոլիկ հարկ սահմանել, որպեսզի վիրավոր եւ զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները լուծենք: Նաեւ ասվել է, որ բավականին խնդիրներ չեն լուծվել, արդյունավետ չի եղել, դրա համար էլ հասել ենք դրան: Հիմա մենք բոլորս լծված ենք արդյունավետ պետության կառուցման գործում, մենք մեր տեղը, իշխանությունը՝ իր տեղը: Հիմա վաղաժամ է, որ ասենք՝ ա՛յ, քանի որ արդեն հեղափոխություն է եղել, 1000 դրամների օրենքը կվերացնենք, որովհետեւ դա այս օրերին խնդիր է լուծում: Ես իրականության մեջ դեմ եմ քվեարկել դրան ու ընդդիմության մեջ էլ պառակտում եղավ, որովհետեւ մի մասը դեմ քվեարկեց, մի մասը՝ կողմ: Այս խնդիրները միակը չեն, բազմաթիվ խնդիրներ կան, հերթով պետք է լուծենք: Մենք արդյունավետ պետության գործով ենք զբաղվել ու ամեն օր, որ վաղը, մյուս օրը որեւէ իշխանություն չգա խորհրդարան ու ասի՝ քանի որ արդյունավետ չենք եղել, եկեք մի հատ ուրիշ հարկ էլ սահմանենք»:
Հարցին՝ պարգեւավճարները սազո՞ւմ են ձեր ասած արդյունավետ պետության գաղափարին՝ Մարուքյանը պատասխանեց. «Պետական աշխատավարձերը որոշ դեպքերում իրենց մեջ ներառում են նաեւ պարգեւավճարներ, մարմիններ կան՝ 3 ամիսը մեկ են ստանում, մարմիններ՝ կան՝ տարին մեկ: Հանրության բացասական արձագանքը նրա համար էր, որ մարդիկ շատ կարճ ժամանակ էին աշխատել ու աստղաբաշխական թվերով իրենց պարգեւատրել, օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանը, հարկային մարմինները: Պետք է վերանայել սկզբունքները, չափորոշիչները ու հասկանալ, թե ինչ սկզբունքով է կիրառվելու պարգեւավճարը, կամ այդ ֆոնդը մտցնել աշխատավարձերի մեջ: Բազմաթիվ հիմնարկներ կան, որ ստանում են 200 հազար դրամ աշխատավարձ, 100 հազար դրամ պարգեւավճար: Եթե իմանան, որ պարգեւավճար չի լինելու աշխատավարձն էլ ցածր է, այդտեղ այդ մարդիկ կարող է էլ չաշխատեն»:
Մեր հարցին՝ նախկինում ընդդիմադիրները շատ էին քննադատում, որ բանակից խուսափողները բավականին մեծ թիվ են կազմում, հիմա, ինչ իշխանափոխություն է եղել, հիմա չե՞ն խուսափում բանակում ծառայել, արդեն սիրով ծառայո՞ւմ են՝ Մարուքյանը պատասխանեց, որ տվյալներ չունի, թե հիմա այդ թիվը ավելացե՞լ է, թե՞ պակասել. «Բանակ պետք է գնան հայրենասիրական նկրտումներով, քաղաքացիական գիտակցություն ունենալով: Բանակը չպիտի լինի սանկցիա քաղաքացու համար, որ նա ստիպված գնա»:
Մարուքյանն ասաց, որ ինքը 2 տարի ծառայել է բանակում ու հպարտ է դրա համար. «Եթե հետ նայեմ ու մտածեմ այդ երկու տարին չծառայեի, ես չէի լինի այն, ինչ այսօր կամ: Մյուս կողմից՝ կա անարդարություն, օրինակ, ինչ-որ մեկը չի ծառայել, որը քո տարիքին է, ինչ-որ բան ավել է սովորել, լեզուներ գիտի եւ այլն, քեզանից առաջ է անցել, բայց իմ մտքով չի անցել, որ եթե չծառայեի՝ ավելի լավ կլիներ: Մենք պետք է օրինակ ծառայենք: Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենք չեն ծառայել, իրենց երեխաներին գոնե պետք է ուղարկեն բանակ, որ բոլորը իմանան՝ բանակը բոլորինն է: Գյուղացիա-բանվորական բանակ չպիտի լինի, միջին խավի, հարուստ խավի ներկայացուցիչներն էլ պետք է գնան, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ