Հայաստանի առաջատար պարալիմպիկ մարզիկներից մեկը՝ Ստաս Նազարյանը, որ մասնակցել է ամառային եւ ձմեռային հինգ պարալիմպիկ խաղերի (1996 թ., Ատլանտա՝ առագաստանավային սպորտ, 1998 թ., Նագանո՝ լեռնադահուկ, 2000 թ., Սիդնեյ՝ առագաստանավ, 2002 թ., Սոլթ Լեյք սիթի՝ լեռնադահուկ, 2018 թ., Փհենչհան՝ դահուկավազք), նախապատրաստվում է փետրվարի 15-ին Կանադայում կայանալիք դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Նա արդեն մի քանի օր մարզվում է Աշոցքում Եվրամիության աջակցությամբ հիմնադրված դահուկային կենտրոնում:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այս մարզաբազան շատ կարեւոր է Հայաստանում դահուկավազքի զարգացման համար: Վերջապես ունեցանք մի նորմալ կենտրոն, որտեղ կարելի է մարզվել դահուկավազքով եւ արդյունքներ ցույց տալ: Ես արդեն մի քանի անգամ եկել եմ այստեղ ու մարզվել: Այստեղից անմիջապես մեկնելու եմ Ծաղկաձոր՝ մարզվելու եւ մասնակցելու միջազգային մրցումների: Բայց էլի եմ գալու: Նախապատրաստվում եմ դահուկավազքի աշխարհի առաջնությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ