Արցախի պաշտպանության նախկին նախարար, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն նշանակված Լեւոն Մնացականյանն այսօր այցելել էր Եռաբլուր:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեր պաշտոնանկությունը բավականին շատ հարցերի տեղիք տվեց, ի՞նչ կասեք այդ մասին՝ նա պատասխանեց, որ անհրաժեշտություն չի տեսնում նորից անդրադառնա դրան: Նա ասաց, որ շատ լավ է իրեն զգում նոր պաշտոնում, միշտ բանակի կողքին է ու շարունակում է այն բոլոր անելիքները, ինչ ժամանակին ձեռնարկել են:
Հարցին՝ նեղացած չե՞ք իշխանություններից, նա պատասխանեց. «Եթե նեղացած լինեի՝ չէի գա»:
Մեր հարցին՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, որ զինված ուժերին մեծ հարված են հասցնում հարուցված քրգործերը, ինչպե՞ս կմեկնաբանեք, Մնացականյանը ի պատասխան ասաց, որ քաղաքականությունից չի ուզում խոսել: Հարցին՝ համենայնդեպս համաձա՞յն եք, որ դա հարվածում է բանակին՝ նա պատասխանեց. «Բերեք քաղաքականությանը չանդրադառնանք»:
Խոսելով բանակի խնդիրների մասին՝ նա պատասխանեց, որ մարտունակությունը պետք է կատարելագործվի, ամեն օր ուշադրություն պետք է դարձվի բոլոր ուղղություններով:
«Խաղաղություն՝ տարածքների դիմաց» թեզի հետ կապված Լեւոն Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել ու այստեղ հարցը միայն ու միայն Արցախի հանրապետության անկախությունն է, անկախությունը կճանաչեն, նոր դրանից հետո կխոսենք»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է հասնել նրան, որ առաջնագծում 18 տարեկաններին փոխարինեն պայմանագրային փորձառու զինծառայողները՝ նա պատասխանեց. «Հնարավոր է, բայց ամեն ինչ իր գինն ունի: Իհարկե, հնարավոր է, անհնարին ոչ մի բան չկա: Հարց է՝ պայմանագրային մենք այդքան ունե՞նք, թե՞ չունենք»:
Նա շնորհավորեց բանակի օրվա կապակցությամբ՝ ասելով, որ օրը պարտավորեցնող է. «Ցանկանում եմ միայն ու միայն հաղթանակներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ