«Յուրաքանչյուրն իր տեղեկատվությամբ է դատողություններ անում, բայց իրականությունը հետեւյալն է՝ բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որեւէ միջամտություն արդարադատությանը: Մենք մինչ օրս որեւէ դատական գործով որեւէ կերպ կապի մեջ չենք մտել: Վստահ եմ, որ քաղաքական իշխանության կողմից եւս այդպիսին է վերաբերմունքը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե որոշ հնչեղ դատական գործերով, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, խոսվում է իշխանության կողմից դատավորների աշխատանքի հանդեպ միջամտության մասին, ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց. «Դատավորները եւս մարդիկ են եւ հնարավոր է՝ որոշակի սոցիալական ազդեցության դաշտում են գտնվում: Դատավորների անկախությունը միայն «հեռախոսային» չէ, այլ պարագաներ էլ կան: Ուստի մենք առանձնացրել ենք 32 առանձնահատկություն, որոնց իրագործման պարագայում կարող ենք երաշխիքների դաշտ ստեղծել»:
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ վարչապետի եւ ԱԱԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը խոսում է իշխանության կողմից դատավորներին հրահանգներ տալու մասին, Գագիկ Հարությունյանը նկատեց. «Ցանկացած միջամտություն մտահոգություն է, բայց միջամտության բնույթը եւ բովանդակությունը պետք է բացահայտվի: Չեմ կարող ասել՝ գաղտնալսումներում քաղաքական հրահանգ եղե՞լ է, թե ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ