Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր էր այցելել:
Մինչ հայաստանյան իշխանական վերնախավը կմոտենար սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, Վիտալի Բալասանյանը տեւական ժամանակ Մոնթեի շիրիմի մոտ էր, ձեռքը դրեց նրա շիրմաքարին ու լուռ հայացքով մտքերի մեջ էր ընկել:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ Լեւոն Մնացականյանի հրաժարականից հետո խոսվում էր, որ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու Արցախի ԶՈՒ-ում, ի՞նչ վիճակ է հիմա ու արդյոք սպասվո՞ւմ են հրաժարականներ՝ Բալասանյանը պատասխանեց, որ մտահոգվելու ոչինչ չկա, բանակում, ինչպես մնացած կառույցներում հրաժարականներ լինում են:
Հարցին՝ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ինչպե՞ս եք վերաբերվում դրան ու ինչպե՞ս եք գնահատում՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Նախ պետք է լուրջ ուսումնասիրել Մարտի 1-ի գործը: Երբ որ մարդիկ խոսում են, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ըստ իս, ես չգիտեմ՝ բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, քննություն կգնա, կիմանանք: Կարող է վաղը ինձ էլ Մարտի 1-ով հարցաքննեն, ես, որ այդ ժամանակ, այդ օրերին ապրել եմ Արցախի հանրապետությունում, չգիտեմ ում կկանչեն, թող համապատասխան բացատրությունները տան»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, շինծու մեղադրանքնե՞ր են լինում այդ գործում, որովհետեւ Սեյրան Օհանյանն էլ ահազանգում է, որ հնարովի մեղադրանքներով այսպես հարված են հասցնում ԶՈՒ-ին՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Միանշանակ, մանավանդ պետական պաշտոն զբաղեցնող որեւէ մեկը իրավունք չունի օդից կախված լուրերի համապատասխան որեւէ մեկին մեղադրի, մանավանդ՝ պետական ինստիտուտին, որը այսօր սահմաններն է պաշտպանում: Այդ ինստիտուտում մենք բոլորս, ամենքը իր լուման ունի: Պատկերացրու, մենք, մեր բոլորի ընտանիքները՝ կանայք, քույրերը ծառայել են էդ բանակում չի՛ կարելի»:
Խոսելով 0038 հույժ գաղտնի հրամանի մասին՝ Վիտալի Բալասանյաննն ասաց, որ լավ կլինի ՀՔԾ-ն հրապարակի այն, որ մութ տեղեր չմնան, բայց հիմա էլ ՊՆ-ում հրամաններ են լինում՝ ԶՈՒ-ի զորանոցային վիճակի մասին. «Հիմա այսօր կարող են ինչ-որ քաղաքական ուժեր ասեն՝ տեսեք՝ ԶՈՒ-ն զորանոցային վիճակի է բերվում, վարչապետը ինչ-որ մութ տեղեր է պատրաստում: Չի՛ կարելի էդ ձեւի բաների վրա հիմքում դնել այն, որ 0038 հրամանը բերել է նրան, որ մարտական դրություն է մտցվել եւ այլն»:
Վիտալի Բալասանյանը ավելի ուշ նորից անդրադարձավ այս թեմային, նաեւ խոսեց սահմանադրական կարգը տապալելու մասին, մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ