Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր տղան էլ է զինվոր. «Երեկ էլ ծնունդն էր»: Հարցին՝ «օտպուսկ» եկե՞լ է՝ նա պատասխանեց. «Օտպուսկ եկել, գնացել է հետ»:
Հարցին՝ բանակում որեւէ խնդիր մատնանշե՞լ է նա՝ որպես զինծառայող՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարոն նախարար, այդպիսի հարաբերություններ են հիմա իմ ու իր միջեւ: Որոշակի տեղեկատվություն ստանալիս աշխատում եմ անմիջապես արձագանքել այն, ինչ որպես ծնող եմ ընդունում, բայց ոչ որպես նախարար»:
Նախարարը զինվորներին մաղթեց լավ տրամադրություն, զգոնությունը չկորցնել, հանդարտ հոգով, անսասան հայացքով շարժվել առաջ:
Հարցին՝ պարգեւավճարներ ՊՆ-ում եղե՞լ են՝ նախարարը պատասխանեց, որ անցյալ տարվա ընթացքում բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգեւավճարների համար, որոնք խնայողությունների հաշվին են եղել. «Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, եթե չեմ սխալվում՝ երկու անգամ»:
Մեր հարցին՝ այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, ԶՈՒ-ին չե՞ն հարվածում, դրա մասին ահազանգում է Սեյրան Օհանյանը՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Լինում են որոշակի… իհարկե, տրամադրվածության վրա ԶՈՒ-ի դա ազդում է, բայց մենք հաղթահարում ենք եւ անում ենք առավել քան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ