Այսօր Եռաբլուր էր այցելել Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավը՝ Բանակի տոնին հարգելու զոհվածների հիշատակը: Նրանք գլուխ խոնարհեցին բանակի հիմնադիր սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում բանակի խնդիրների մասին խոսելիս ասաց. «Մեն բոլոր խնդիրները հաղթահարում ենք, հավատացեք, մենք անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան պատկերացնում եք, ու բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակի ենք պահելու»:
Մեր հարցին՝ նախկինում Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, ասում էր,որ ահավոր մեծ թիվ են կազմում բանակից ազատվածները, առողջական խնդիրներով ազատվողները շատ են՝ պճեղի մենինգիտով, ալերգիաներով, հիմա պճեղի մենինգիտով էլ չե՞ն ազատվում բանակից՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: Հիմա սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը եւս խնդրահարույց է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրները կատարելու համար դա պետք է լինի հպարտությունը ե՛ւ ծնողների, ե՛ւ զինծառայողների, որոնք իրականում առողջ են: Որոնք ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության նոր ձեւաչափ գտնել»:
Հարցին՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ բանակում կրիմինալ մթնոլորտը շարունակվում է եւ քայլեր չեն ձեռնարկվում այդ մթնոլորտի դեմ՝ Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես չեմ կարող բացառել, որ միջանձնային հարաբերություններում չեն լինում այնպիսի դրվագներ, հասկանո՞ւմ եք, 18-27 տարեկան երիտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է իրենց կարգապահությունը պահելու, միջանձնային հարաբերություններում բարձր որակ ունենալու, բայց լինում են դեպքեր: Ինչ վերաբերում է կրիմինալին, դրա դեմ պայքար է գնում շատ մեծ, չե՛ն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ, մենք ե՛ւ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում եւ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ