Շնորհավորական ուղերձ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,
Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքներից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար:
Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների սխրանքները պարտավորեցնում են գործադրել առավելագույն ջանքեր՝ հզոր, զարգացած և առաջադեմ հայրենիք ունենալու համար։ Իսկ նման հայրենիքի գրավականներից մեկը ժողովրդավարական ամուր վերահսկողության ներքո գտնվող զինուժն է, որտեղ պետք է մշտապես զուգակցվեն կարգապահությունն ու իրավունքի պաշտպանության մեխանիզմները:
Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված բաժինն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության գերնպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։
Մեզ այս հարցում օգնական է նաև ողջ հասարակությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ զինվորի, ենթասպայի, սպայի ու գեներալի, հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպանների տոնը։ Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան