Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 1-ից բոլորի համար սահմանել եկամտային հարկի 23 տոկոս շեմ
Կառավարությունն առաջարկում է անցնել եկամտային հարկի միասնական դրույքաչափին: Հունվարի 23-ին արդարադատության նախարարության e-draft.am կայքում շրջանառության է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որտեղ ներառված է նաեւ եկամտային շեմի փոփոխությունը: Ըստ այս նախագծի՝ առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից բոլորի համար եկամտահարկի դրույք սահմանել 23%:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 եւ 36 տոկոս դրույքաչափեր: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է շուրջ 25.1-25.2 տոկոս, բավական բարձր է, ինչը բացասական ազդեցություն է ունենում ինչպես ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների ու տնտեսական աճի ցուցանիշների բարելավման, այնպես էլ աղքատության մակարդակի կրճատման վրա: Ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրման, քանի որ տնտեսապես ավելի ձեռնտու է վճարել շահութահարկ եւ շահաբաժնի հարկ, քան եկամտային հարկ՝ ավելի բարձր դրույքաչափերով։ Արդյունքում, թեեւ եկամտային հարկի համակարգը անվանական առումով պրոգրեսիվ բնույթ ունի, իրականում հարկման համակարգը չի բնութագրվում ընդգծված պրոգրեսիվությամբ, քանի որ հայտարարագրվող եկամուտների հիմնական մասը կենտրոնացված է ցածր եկամտային խմբում: Մասնավորապես, դիտարկումները ցույց են տալիս, որ շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով»:
Նախագծով նախատեսվում է նաեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:
Մինչեւ 2023 թվականին «եկամտային հարկի 20 տոկոսին անցումը» նախագծով առաջարկվում է՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 23 տոկոս, 2020 թվականի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2022 թվականի հունվարի 1-ից՝ 20.5 տոկոս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:
Բացի այս, նախագծով նաեւ առաջարկվում է «օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները հարկել ոչ թե եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով, այլ ՀՀ քաղաքացիների համար սահմանված նույն՝ 5 տոկոս դրույքաչափով»: Այս առնչությամբ էլ նախագծի հեղինակները հիմնավորում են. «Գործող օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը վճարում են 10 տոկոս դրույքաչափով, իսկ ՀՀ քաղաքացիները՝ 5 տոկոս դրույքաչափով: Խնդիրն այն է, որ այս մոտեցումը նույնպես չի խրախուսում օտարերկրյա ներդրումների ներգրավումը»:
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը եկամտային հարկի միասնական դրույքաչափի վերաբերյալ «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց. «Միասնական՝ համահարթեցված եկամտային հարկի այս քաղաքականությունը ո՛չ տնտեսապես եւ ոչ էլ սոցիալապես արդարացված չէ: Սրա հետեւանքով հարուստներն ու աղքատները վճարելու են միեւնույն դրույքաչափով հարկ, եւ այս դրույքաչափերի իջեցման հետեւանքով պետական բյուջեում առաջանալու է դեֆիցիտ»:
Պարսյանի դիտարկմամբ՝ այս դեֆիցիտը փակվելու է ի հաշիվ ակցիզային եւ այլ հարկերի բարձրացման. «Այսինքն՝ հարուստների չվճարած հարկերը վճարելու են բոլորը: Ասենք՝ եթե մեկ շիշ գինի եք գնում, ոչ ոք ձեզ չի հարցնում՝ ձեր եկամուտը որքա՞ն է, վճարելու եք խանութի նշած գնով՝ ակցիզային հարկը մեջը ներառած»:
Տնտեսագետի կարծիքով՝ միասնական եկամտային հարկի մոդելն անընդունելի է. «Այս մոդելը տանելու է հարուստների հարստացման, աղքատների՝ աղքատացման: Եվ մեր երկրում, որտեղ 1/3 աղքատ է, այս մոդելն արդարացված չէ: Եվ իրենց այն արդարացումը, հիմնավորումը, որ համահարթեցման միջոցով մարդիկ եկամուտները չեն թաքցնի, կհայտարարագրեն, միանշանակ չի աշխատելու: Անկախ նրանից, թե դրույքաչափը որքան է՝ 23 տոկոս է, 28 տոկոս է, եթե գործատուն կարողանում է իր աշխատողին չգրանցել եւ չվճարել հարկ, ինքը էլի շարունակելու է չգրանցել եւ չվճարել հարկ: Այսինքն՝ եթե 28 տոկոսն իջեցնում են 23 տոկոսի, սա ոչնչով չի խրախուսելու գործատուին, որպեսզի ստվերից դուրս գա»:
Պարսյանի կարծիքով՝ մեկ այլ կարեւոր խնդիր կա՝ բեւեռացվածության բարձր մակարդակ կա. «Մենք խնդիր ունենք եկամուտների վերաբաշխման: Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ սպառման ծավալները նվազում են՝ մանրածախ սպառման օրինակով: Մեզ պետք չէ տնտեսություն, որտեղ լավ կզգան կամ լավ կապրեն հասարակության մի քանի տոկոսը, մնացածը աղքատության ցածր շեմի վրա լինի: Աշխարհում 5-6 երկիր կա, որտեղ համահարթեցված հարկային քաղաքականության են գնացել: Այս երկրները հաստատ լավագույնը չեն միջազգային փորձի տեսանկյունից: Հետեւաբար մենք պետք է պահպանենք պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը, նաեւ որոշակի վերանայում անելով՝ մեկ մակարդակ ավելացնելով, որը թույլ կտա ավելի օբյեկտիվ գնահատել եկամուտների աճը եւ դրանց համապատասխան դրույքաչափերի աճը: Այս իրավիճակում կառավարությունը փոխում է իր քաղաքականությունը՝ եկամտի հարկումից տեղափոխելով սպառում»: Պարսյանը վստահեցրեց՝ եկամտային հարկի միասնական դրույքաչափի մոդելը տարիներ առաջ մշակել է Կենտրոնական բանկը. «Հիմա ներկայիս գործող կառավարությունը շարունակել է ԿԲ-ի առաջարկած կուրսը: Իսկ ԿԲ-ն առաջնորդվել է այն գաղափարով, որ հարուստները քիչ վճարելով՝ խնայողություններ կունենան եւ այդ գումարները կուղղեն ֆինանսական համակարգ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»,
26.01.2019