Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավորվել է Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու կարեւորագույն հատվածներից մեկը

Հունվար 28,2019 14:00

Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքն օրվա անցուդարձն սկսում եւ ավարտում է տրանսպորտային ակտիվ հոսքով: Երեւան-Մեղրի M2 միջպետական մայրուղում երթեւեկը գրեթե չի դադարում: Դեպի սահմանային անցակետ եւ հակառակ ուղղությամբ օրվա ընթացքում անցնում են ոչ միայն ուղեւորատար, այլեւ ծանրաքարշ բեռնատար բազմաթիվ մեքենաներ: Մեղրիում գտնվող սահմանապահ զորամաս, զինվորական ավան եւ գյուղատնտեսական նշանակության տարածքներ հասնելու համար ավելի քան մեկ կիլոմետր հատված մարդիկ քայլում են մայրուղու եզրով, որտեղ գրեթե չկա երթեւեկելի եւ ոչ երթեւեկելի մասերի սահմանազատում: Վրաերթի ենթարկվելու հավանականությունն ավելանում է հատկապես գիշերային ժամերին՝ բացարձակ մթության մեջ հայտնվելուց հետո: Տարիների վաղեմության՝ լուսավորության խնդիրն առկա էր ամիսներ առաջ եւ համարվում էր լուծման ենթակա առաջնահերթություն:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 5 ամիս առաջ ստանձնել են խնդրի լուծումը: Արտաքին լուսավորության ապահովման հարցն ընդգրկված է եղել նաեւ համայնքի զարգացման ծրագրում, սակայն կոնկրետ այդ հատվածում դա հաջողվել է կյանքի կոչել միայն գործակցող կողմերի աջակցությամբ: Մայրաքաղաքից ավելի քան 370 կմ հեռավորության վրա գտնվող Մեղրիում խնդրահարույց ճանապարհահատվածում վերջերս մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է էներգաարդյունավետ 33 LED-լուսատու: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորվել է ավելի քան 1 կմ ճանապարհ:

«Մեղրի համայնքի զարգացման ծրագրի՝ լուսավորության բաղադրիչն այսօր համարում ենք ապահովված: Լուծվել է ոչ միայն սոցիալական, այլեւ անվտանգության հարց: Երեւան-Մեղրի մայրուղու կոնկրետ այդ ճանապարհահատվածում միշտ ստեղծվում է կիսավթարային իրավիճակ: Հուսով ենք, որ իրականացված աշխատանքի արդյունքում ապահովված լուսավորության շնորհիվ ամեն ինչ կփոխվի: Ծրագիրը նաեւ բնապահպանական խնդիր է լուծել»,- ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

«Հայաստանի մի շարք համայնքներում իրականացված ծրագիրն արդյունավետ է մի քանի տեսանկյունից: Այն ժամանակակից մոտեցում է եւ լուծում է սոցիալական, բնապահպանական ու նաեւ՝ անվտանգության հարցեր: Այս լուսատուները, ի տարբերություն գազային կամ էկոնոմ լամպերի, ավելի երկար են շահագործվում, հաճախակի չեն փոխարինվում եւ ֆինանսական կամ մարդկային աշխատուժի լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում: Արձանագրվող էներգախնայողությունն էլ կազմում է շուրջ 65-80 %»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձանագրել են հերթական ձեռքբերումը. լուծվել է եւս մեկ համայնքի հուզող հարց: Մեղրիի խնդրահարույց ճանապարհահատվածում էներգախնայող համակարգն արդեն գործարկվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031