Լրահոս
Օրվա լրահոսը

Թթաստանների հիմնադրման համար Արցախի իշխանություններն առաջարկեցին Աղդամի շրջանի 5 հազ. հա հողատարածքները

Հունվար 28,2019 13:30

Սկիզբը

Հասարակական հայտնի գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից ստանալով այդ ոգեշնչող լուրը, նույն տարվա հոկտեմբերին Հայաստան, իսկ ապա նաեւ Արցախ ժամանեց Համաշխարհային բանկի ագրոբիզնեսի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Երվանդ (Էդդի) Չոբանյանը: Թթաստանների հիմնադրման համար Արցախի իշխանությունները առաջարկեցին Աղդամի շրջանի 5 հազ. հա հողատարածքները, իսկ Հայաստանից գործնական առաջարկներ այդպես էլ չարվեցին: Մեծահամբավ եւ ծերունազարդ պրոֆեսորը մանրամասն եւ մեծ պրոֆեսիոնալիզմով մշակեց հայկական շերամապահության վերականգնման եւ զարգացման բիզնես-պլան, որի գործնական իրականացման դեպքում Հայաստանն ու Արցախը դուրս են գալիս համաշխարհային մետաքսագործության առաջնակարգ տեղերից մեկը` Բրազիլիայի հետ կիսելով այդ ճյուղի` աշխարհում 5-ից 6-րդը լինելու դափնին: Մեր իշխանություններից պահանջվում էր ընդամենը մի քանի բան. լրջմիտ վերաբերմունք եւ ծրագրի իրականացման համար տրամադրվող վարկերի համար տրվող պետական երաշխիքներ: Դրանք չհետեւեցին, իսկ Ե. Չոբանյանը ստանալով Վրաստանի եւ Միջին Ասիայի (Ուզբեկստանի) կառավարությունների պաշտոնական հրավերը լուրջ միջոցների ներգրավմամբ (Ուզբեկստանում մինչեւ 15.0 մլն դոլար)՝ մեծ զարկ տվեց այդ երկրների մետաքսագործության զարգացմանը:

Այժմ կատարենք մի քանի տնտեսագիտական պարզագույն հաշվարկներ: 1 հա թթաստանը թույլ է տալիս տարեկան ստանալ բոժոժի երկու բերք (Բրազիլիայում դա հավասար է 9-ի), հիմնականում մայիս-հունիս եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: 1 հա-ի թթաստաններից կարելի է ստանալ մինչեւ 3 տոննա հում (թաց) բոժոժ, իսկ վերամշակման դեպքում մինչեւ 300 կգ մետաքսաթել: Լավագույն տեսակի (ԱԱԱ) չոր բոժոժի գինը համաշխարհային շուկայում ներկայումս հասնում է մինչեւ 5 դոլարի, իսկ մետաքսաթելինը՝ 15-20 դոլարի: 5000 հա-ից հնարավոր էր տարեկան ստանալ մինչեւ 15 հազ. տոննա թաց բոժոժ (կամ 2000 տոննա չոր բոժոժ): Նվազագույն՝ կգ-ը 3 դոլար վաճառելիս՝ համախառն եկամուտը կկազմի 6 մլն դոլար: Յուրաքանչյուր հեկտարի մշակման եւ շերամորդի կերակրման համար կպահանջվի 3-5 մարդ: 5 հազ. հա-ի դեպքում դա կստեղծի 15-25 հազ. աշխատատեղ: 15 տարվա ընթացքում միայն այս գծով մեր ենթադրյալ կորուստները կազմել են միջինը 90-100 մլն դոլար: Վերլուծությունների այս շարքը կարելի է ավելացնել ու խորացնել, բայց մենք խնայում ենք Ձեր թանկագին ժամանակը: Միայն ավելացնեմ, որ 2013 թվականին լսելով Արցախի փոխվարչապետ պ-ն Ա. Աղաբեկյանի հեռուստատեսային ելույթը Արցախի մետաքսագործության վերականգնման հնարավորությունների մասին, ես կրկին խանդավառվեցի եւ կապ հաստատեցի ամերիկահայ մեծարգո պրոֆեսոր Է. Չոբանյանի հետ, ով չնայած իր առաջացած տարիքին՝ խոստացավ այդ գործում ներգրավել աշխարհի լավագույն մետաքսագործներին՝ Լիոնի համապատասխան ինստիտուտի պրոֆեսորներին, իտալացի եւ չինացի տեխնոլոգներին: Ես հեռախոսազրույց ունեցա պ-ն Ա. Աղաբեկյանի հետ եւ հայտնեցի այդ հուսադրող լուրը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 10-ին ընդունելություն խնդրեցի Արցախի վարչապետ Ա. Հարությունյանից եւ անձամբ ներկայացրեցի մեր ծրագրերն ու գործին համատեղ կպչելու մեծ ցանկությունը: Որեւէ կոնկրետ առաջարկ չստանալով՝ 2014 թ. մայիսին նամակ հասցեագրեցի Արցախի նախագահ, մեծարգո պ-ն Բ. Սահակյանին: Անցել է ավելի քան չորս տարի եւ որեւէ պատասխան չստանալով, այժմ էլ նույն խնդրանքով դիմում եմ Ձեզ՝ մեծարգո պ-ն վարչապետ:

Համաշխարհային մետաքսագործության մասին որոշակի պատկերացում տալու եւ օգտվելով պ-ն Ե. Չոբանյանի տեղեկատվությունից՝ հայտնում եմ հետեւյալը: Աշխարհում (1990-ական թթ.) տարեկան արտադրվել է մինչեւ 1,5 մլն տոննա բոժոժ, որի 80%-ը բաժին է ընկնում Չինաստանին: Ճյուղը տարեկան արտադրում է 5-6 մլրդ դոլարի արտադրանք: Աշխատողների թվաքանակը անցնում է 30 մլն մարդուց: Մետաքսաթելից եւ գործվածքից զատ, բոժոժի վերամշակումից ստացվում է մետաքսյա գորգերի թել, ձկան կեր (եւ դրա կենսական հավելումները), կենսաբանորեն մաքուր վառելիք: Այն էկոլոգիապես բացարձակ մաքուր է, անթափոն եւ համաշխարհային շուկայում ունի հարաճուն պահանջարկ եւ տրամաբանական կլինի, որպեսզի կառավարության հատուկ որոշմամբ Հայաստանն ու Արցախը վերականգնեն եւ զարգացնեն սոցիալ-տնտեսական առումով չափազանց խոստումնալից ճյուղը:

Խորհրդային Հայաստանի թեթեւ արդյունաբերությունը (որպես բազա ընդունենք 1986 թվականը) տարեկան արտադրել է 1,64 մլրդ ռուբլու համախառն արտադրանք: Ճյուղի արդյունաբերա-արտադրական անձնակազմը 95,5 հազ. մարդ, Հայաստանի ողջ տարածքում ունեցել է տեղակայված՝ շուրջ 255 արդյունաբերական ձեռնարկություն եւ մասնաճյուղ, տարեկան միջին հաշվով իրականացրել է 76,5 մլն ռուբլու կապիտալ ներդրումներ (այդ թվում՝ 28,9 մլն ռուբլու շինարարական-մոնտաժային աշխատանքներ): Գործվածքեղենի արտադրությունը կազմել է 140,7 մլն գծային մետր, այդ թվում՝ բամբակյա – 122,3, բրդյա – 4,7, մետաքսյա – 13,7 մլն մետր: Արտադրել է 29,7 հազ. տոննա մանվածք, այդ թվում՝ բամբակյա- 24,7 եւ բրդյա – 5 հազ. տոննա: Գործել է 1 մլն 285 հազ. քառ. մետր գորգ, որից մեքենայական արտադրության – 1 մլն 157 հազ. քառ. մետր: Արտադրել է 94,7 մլն զույգ գուլպա-նասկեղեն, 92 մլն հատ տրիկոտաժեղեն, այդ թվում սպիտակեղենային – 58,6 եւ վերնազգեստային 33,4 մլն հատ, 610 մլն ռուբլու կարի առարկաներ, 223,0 մլն քառ. դմ քրոմի կաշի, 18 մլն զույգ կաշվե կոշիկ եւ այլն: Հանրապետության արդյունաբերական արտադրանքում թեթեւ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 23,7 տոկոս` ապահովելով հանրապետական բյուջեի մուտքերի մինչեւ 30 տոկոսը:

ա) թեթեւ արդյունաբերության վերականգնման համար առաջին հերթին պետք է ընդունել ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որով պետք է նախատեսվի հետեւյալը.

– Ծրագրին ծանրակշիռ եւ լուրջ տեսք տալու նպատակով պետք է կազմավորել պետական եւ մասնավոր կապիտալի ներգրավմամբ արդյունավետ գործող ընկերություն: Նախկինում՝ ի  դեմս «Հայթեթեւարդ» կոնցեռնի, նման փորձ արվել է, որը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով անհրաժեշտ արդյունք չի տվել:

– Այդ իրավասու ընկերությունը պետք է մանրամասն գույքագրի եւ փորձագիտական անաչառ գնահատման ենթարկի հանրապետության թեթեւ արդյունաբերության բոլոր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը:

– Ճյուղի արտադրատեխնիկական, կազմակերպչական, կադրային ռեալ ներուժի գնահատման նպատակով՝ Հայաստանի եւ արտասահմանի հեղինակավոր մասնագետների կողմից պետք է ձեւավորվի անկախ փորձագետների խումբ, որը խելամիտ ժամկետում կներկայացնի ՀՀ թեթեւ արդյունաբերության վերականգնման մասին եզրակացություն:

– Ստացված եզրակացության հիման վրա՝ իրատեսական եւ պրագմատիկ մոտեցմամբ պետք է կազմել տիտղոսացուցակ եւ նախատեսել ամենաարագ եւ արդյունավետ վերականգնվող ձեռնարկությունների վերակենդանացման ծրագիր՝ կարի, կոշիկի, տրիկոտաժի եւ գուլպա-նասկեղենի արտադրման ուղղություններով:

– Վերագործարկման ռեալ հնարավորություն ունեցող ձեռնարկությունները՝ պայմանականորեն կոչվող «Հայթեթեւարդ» կոնցեռնի միջոցով պետք է դուրս բերել համաշխարհային (սկզբնական շրջանում գոնե ՌԴ-ի) շուկա, ինչպես նաեւ ի ցույց դնել էլեկտրոնային մարքեթինգային ցանցերում: Աշխարհի գերհզոր երկրներից (հատկապես Չինաստանից) փոխշահավետ հիմունքներով (օգտագործելով նաեւ հայկական Սփյուռքն ու դիվանագիտական խողովակները) ներդնել առաջավոր տեխնիկա եւ տեխնոլոգիա ու հենց այդ երկրների համար պատվերներ կատարելու միջոցով ներթափանցել արտաքին շուկա:

– Արտասահմանյան ընկերություններին շահագրգռելու նպատակով կարելի է դրանց տրամադրել արտոնյալ բաժնետոմսեր, պարտամուրհակներ, առնվազն տասը տարի սահմանել այլ արտոնություններ:

– Էական նշանակություն կարող է ունենալ, եթե, ըստ իս, ՀՀ թեթեւ արդյունաբերությունը հայտարարվի հարկերից եւ մաքսատուրքերից զերծ՝ տնտեսվարման ազատ ճյուղ՝ նվազագույնը 10 տարի ժամկետով: Առաջարկի սոցիալ-տնտեսական հիմնավորումը հետեւյալն է. ներկայումս թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների ներդրումը երկրի բյուջե աննշմար է, ուստի մեր հարկային մուտքերը դրանից շատ չեն տուժի: Տնտեսական ազատ գոտի հռչակելիս եւ պետական երաշխիքներ տրամադրելիս կարելի է հույս ունենալ, որ հատկապես եվրոպական երկրներում թեթեւ արդյունաբերության ծավալվող ճգնաժամի պատճառով աշխարհի տարբեր երկրներում իրենց գործունեությունը կրճատող (կամ լրիվ դադարեցնող) որոշ ընկերություններ կշահագրգռվեն Հայաստան տեղափոխել առաջավոր տեխնիկայով եւ տեխնոլոգիաներով հագեցված ձեռնարկություններ, կամ էլ տեղական՝ մրցունակ ընկերություններին իջեցնել արտադրական (հետեւաբար նաեւ իրացմամբ ապահովված) պատվերներ:

– Սկսել թեթեւ արդյունաբերության համար որակյալ կադրերի վերարտադրությունը՝ ուսումնական կոմբինատների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների վերագործարկման միջոցով, քանզի ռեալ պետք է պատկերացնել, որ պատվեր ստանալիս մեր ձեռնարկությունները մեծ դժվարություն են կրելու որակյալ կոշկա-գործի, կարողի, տրիկոտաժագործի, ջուլհակի, մանածագործի, տեքստիլ ճյուղի ենթավարպետների եւ այլ հիմնական մասնագետների առումով:

– «Արագ գործարկման» ենթակա կարի, տրիկոտաժի եւ կոշիկի ձեռնարկությունների վերակենդանացմանը զուգահեռ՝ սկսել ավելի ծանր, աշխատատար եւ ծավալային հատվածի՝ թեթեւ արդյունաբերության հումքային բազայի՝ բամբակագործության, մետաքսագործության, ոչխարաբուծության, վուշագործության եւ կաշվե հումքի արտադրության վերականգնումը:

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ օրաթերթ», 

26.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել